Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանն է։
Հարցազրույցի շրջանակներում Արա Պապյանի հետ զրուցել ենք Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքների և դրանց շահարկումների, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող արշավի, ՀՀ-ում իրականացվող քաղաքական ռեպրեսիաների և քաղբանտարկյալների թվի աննախադեպ աճի, այս ամենի հանդեպ աչք փակելու Արևմուտքի քաղաքականության պատճառների, 2026-ին Նիկոլ Փաշինյանի վերընտրության հետևանքների, ԱՄՆ կառավարության կողմից Nvidia-ի չիպերը ՀՀ արտահանելու որոշման նշանակության, այս որոշումը շահարկելու միտումների, Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնելու ամերիկյան նոր ծրագրի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Արա Պապյանը շեշտում է, որ Արևմուտքի կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աջակցության հիմնական պատճառը նրա այսպես կոչված արևմտամետությունն է։ «Նա կարողացել է այս տարիների ընթացքում տարբեր հարցազրույցների ձևով, տարբեր փոքր քայլերով ցույց տալ՝ իբր արևմտամետ է, բայց երբ որ լուրջ վերլուծություն ես կատարում՝ արդյոք նրա իշխանությունից առաջ Հայաստանն ի՞նչ կառույցների անդամ էր, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից վերահսկվող, և հիմա ի՞նչ կառույցների անդամ է՝ փոփոխություն չկա: Ավելին՝ մենք հիմա ինչ-որ քայլեր ենք անում Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու, մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ավելի է շատացել և ընդհանրապես՝ մարդու իրավունքները Հայաստանում ոտնահարվում են և հետընթաց ունենք, դա էլ միանշանակ է: Արևմուտքը լռում է, որովհետև ինքը մտածում է, իսկ Արևմուտքն իհարկե տարբեր է, որ հաջորդ այն ուժը, որը կարող է գալ Հայաստանում իշխանության, այսինքն՝ իր տեսակետից, թեև առկա են տարբեր արևմտամետ ուժեր, այդ թվում նաև Ազգային ժողովրդավարական բևեռը, բայց իրենց հաշվարկներով հաջորդ ուժերը ուժեղությամբ, դրանք պրոռուսական ուժերն են: Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության դեպքում գալու են բացահայտ այսպես ասած պրոռուսական ուժերը, իսկ Նիկոլ Փաշինյանը մի փոքր քողարկված է։ Կարծում եմ սա է բուն պատճառը»,- ասաց նա։
Հարցին՝ Արևմուտքում չե՞ն հասկանում, որ Փաշինյանն իրական արևմտամետ չէ, այդքան հե՞շտ է արևմտյան դերակատարներին խաբելը՝ Պապյանը պատասխանեց։ «Փաստացի հաջողվում է, իրենք առաջնորդվում են չարյած փոքրագույնով: Իրենք հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, որևէ բան չի անում դեպի արևմուտք, բայց նաև իրենք հասկանում են, որ քանի որ Նիկոլ Փաշինյանն ապիկար է ընդհանրապես և որպես կազմակերպիչ, նա չի էլ կարող հարաբերությունները Ռուսաստանի հետ ուժեղացնել։ Օրինակ տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը յոթ տարվա մեջ ինչո՞վ է աչքի ընկել, ինքն աչքի ա ընկել քանդելով, ավերելով և այլն։ Հիմա ինքը չի տանում Հայաստանը դեպի Արևմուտք, բայց քանդում ու ավերում է հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ արևմտյան դերակատարներին բազմիցս զգուշացրել է, որ այս քաղաքականությունն իրենց համար ծանր հետևանքներ է ունենալու։
Արա Պապյանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ռուսական կախվածությունը փոխարինում է թուրք-ադրբեջանականով՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ ՀԷՑ-ի գնորդը լինելու է թուրքական ընկերություն․ «Իմ զգացողությունն այն է՝ այս վերջում հատկապես, երբ լսում ենք խոսակցություններ, սկզբից ՀԷՑ-ի ազգայնացումից էին խոսում, իսկ հիմա վերավաճառելու մասին են խոսում, գնորդը լինելու է թուրքական ընկերություն և դա ներկայացնելու են, որ դա մեծ նվաճում է մեզ համար և այլն, և այլն»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․