copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 12:11 21-11-2025

Աստանայում բացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան փողոց

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր անցկացվել է Մեսրոպ Մաշտոցի անունը կրող նոր փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, ինչպես նաև Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան և այլ պաշտոնյաներ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության և մշակութային համագործակցության պատմության մեջ բացվում է նոր էջ։ Նրա խոսքերով՝ Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնության հիմքերից է, այլև մարդկային քաղաքակրթության կարևոր նվիրյալներից, որի թողած ժառանգությունը դարերի խորքից պահպանել է կրթության, մշակույթի և պատմական հիշողության կամուրջը։

Նախարարը ընդգծել է նաև հայերեն առաջին թարգմանված նախադասության խորհրդանշական նշանակությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը դարձել է հայ ժողովրդին ուղղված կարևոր պատգամ և շարունակական ուղերձ։

Անդրեասյանը հիշեցրել է, որ այս տարվա ապրիլին Երևանի Ավանում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով, ինչը ներկայացրել է որպես փոխադարձ հարգանքի և մշակութային կապերի վկայություն։ Նրա խոսքով՝ Երևանում և Աստանայում ստեղծված այս խորհրդանշական վայրերը դառնում են կամուրջներ՝ միավորելով երկու ժողովուրդների արժեքները՝ խաղաղություն, կրթություն, ստեղծագործականություն և բարեկամություն։

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան իր ելույթում շեշտել է, որ Մաշտոցի անվան փողոցի բացումը կարևոր իրադարձություն է երկու երկրների բարեկամության նշանով։ Նա նշել է, որ Մաշտոցի գործունեությունը հաստատում է՝ մշակույթը սկիզբ է առնում լեզվից, իսկ հասարակության զարգացումը՝ կրթությունից։ Բալաևան հավելել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և Ղազախստանի դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակը, որի ընթացքում արձանագրվել են նշանակալի արդյունքներ տարբեր ոլորտներում։ Միջոցառման ընթացքում նախատեսված է նաև հուշագրի ստորագրում՝ թանգարանային, գրադարանային և կինեմատոգրաֆիայի ոլորտներում համագործակցության խորացման համար։

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում։

Ամենից շատ դիտված

09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման
09:38 Բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը բախվել է ապառաժ քարերին․ կա վիրավոր
10:09 Մահացած հայտարարված 18 ամսական երեխան վերակենդանացել է դիահերձարանում