Հայաստանյան ներկայիս իրականության մեջ ցանկացած աղմկահարույց ձերբակալություն անմիջապես հանգեցնում է հանրային ու քաղաքական տարաձայնությունների։ Մի կողմից՝ ընդդիմադիր դաշտն ու իրավապաշտպանները հայտարարում են, որ տվյալ անձը քաղբանտարկյալ է, մյուս կողմից՝ իշխանությունները պնդում են, թե գործ ունենք բացառապես քրեական հանցագործի և կոնկրետ իրավախախտումների հետ։ Այս պայմաններում հանրության համար հաճախ բարդ է դառնում հասկանալ՝ ո՞վ է իրականում քաղաքական հայացքների համար հալածվողը, և ով՝ օրենքով պատժվող հանցագործը։
Այս ամենը պատահական չէ. իշխանական համակարգը նախապես գիտի, թե երբ և ում է թիրախավորելու, հատկապես երբ անձը դառնում է քաղաքականապես վտանգավոր։ Որպես վառ օրինակ կարելի է դիտարկել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դեպքը։ Վերջինս, երկար ժամանակ պաշտոնավարելով, հանկարծ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում և ձերբակալվում հենց այն փուլում, երբ սկսում է ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել որպես ընդդիմության միասնական թեկնածու։
Մինչ օրս Հայաստանում քաղբանտարկյալների մեկ միասնական ցուցակ գոյություն չունի, քանի որ իրավապաշտպան համայնքն ու քաղաքական դաշտը խիստ բաժանված են ըստ ճամբարների։ Ոչ բոլոր իրավապաշտպաններն են միանշանակ ընդունում քաղբանտարկյալների գոյությունը, իսկ նրանք, ովքեր ընդունում են, առաջնորդվում են ընտրովի մոտեցմամբ:
Թե ինչ բարդությունների են բախվում իրավապաշտպանները անձին որպես քաղբանտարկյալ ճանաչելիս և նրանց իրավունքները պաշտպանելիս` Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։