Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:24 11-11-2025

Փաշինյանից խոստում կորզեցին, «անկլավների» հարց կա, Արշակ Կարապետյանը հետախուզվում է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է նոյեմբերի 11-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող «դիզվառելիքի գործով» դատական նիստն այսօր հետաձգվեց՝ դատավարական կողմերի նիստին չներկայանալու պատճառով: Մինչ դատական նիստը լրագրողները Սարգսյանից հետաքրքվեցին՝ հարցազրույց տալուց առաջ մտածո՞ւմ էր, որ զրույցն այդքան մեծ արձագանք կունենա՝ հաշվի առնելով հարցազրույցի հաջորդ օրվա վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ՔՊ-ականների ակտիվ արձագանքը: Սերժ Սարգսյանն ասաց, դեռ չի հասցրել ծանոթանալ այդ արձագանքին, կծանոթանա, կխոսի: Լրագրողի դիտարկմանը, թե 2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ բանակցային թուղթ չկա, հիմա ասում է՝ չնեղվեք, սքանավորելու է, հրապարակի, Սերժ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Կարևորն այն է , որ կարողացանք բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում կորզել»: Երրորդ նախագահը նշել է նաև, որ պետք է ծանոթանա օրեր առաջ իր տված հարցազրույցի արձագանքներին, այնուհետև սկսի դրանց պատասխանել:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը հաստատել է, որ այսպես կոչված անկալվների հարցն առկա է։ Ըստ նրա՝ եթե որևէ սցենարով որոշվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է փոխանակվեն տարածքներով, այդ հարցը ՀՀ օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Խանդանյանը շեշտել է, որ այս հարցը պետք է արձանագրվի սահմանազատման գործընթացի շրջանակում, որից հետո կողմերը կորոշեն՝ թեմային ինչպես անդրադառնան։ «Այստեղ թաքցնելու որևէ թեմա չկա։ Տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, քանի որ նախ անկլավները պետք է սահմանազատվեն։ Թե երբ դա կլինի, հայտնի չէ։ Սահմանազատման գործընթացի ինչ–որ մի փուլում պետք է նաև անկլավների հարցը քննարկվի»,– ընդգծեց Խանդանյանը։ ՔՊ–ական պատգամավորը նշեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո պետք է կնքվի պետական սահմանի մասին պայմանագիր, որը պետք է նաև վավերացվի։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանը կվերադարձնի Արծվաշենը և օկուպացիայի տակ գտնվող հայկական մյուս տարածքները: Օրեր առաջ էլ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Տավուշում Տիգրանաշեն գյուղի և երեք անկլավների վերադարձը մնում է Բաքվի ուշադրության կենտրոնում:

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում: ՔԿ-ից հաղորդում են, որ ավարտվել է իշխանությունը չարաշահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Հիմնավորվել է, որ 2021 թվականի մայիսի 12-ի լուսաբացին հակառակորդը, օգտվելով մառախլապատ եղանակի պատճառով առաջացած ցածր տեսանելիությունից, Սև լճի տարածքում տեղակայված մարտական դիրքերի միջդիրքային տարածությունից հատել է ՀՀ պետական սահմանը՝ շուրջ 3-3.5կմ խորությամբ՝ հայտնվելով յուրային դիրքերի թիկունքային հատվածում և զբաղեցրել նպաստավոր բարձունքներ»,– ասված է հայտարարությունում Արշակ Կարապետյանը, ով այդ օրերին զբաղեցնում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին տեղակալի պաշտոնը, ՔԿ-ի պնդմամբ՝ մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ անհիմն բանավոր հրաման է տվել։ «Մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը»,– նշում է ՔԿ–ն։ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ռազմական գույքի, տեխնիկայի կամ այլ գույքի առանձնապես խոշոր չափերի ոչնչացում կամ վնասում կամ մարտական առաջադրանքի կամ զորավարժության կամ այլ ռազմական միջոցառման խափանում կամ այլ ծանր հետևանք): Նկատենք, որ Կարապետյանը հիշյալ դեպքերից հետո՝ 2021 թվականի հուլիսի 20֊ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 2-ին` պաշտպանության նախարար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան