Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:00 11-11-2025

«Ականատես»–ն ընդդեմ «Հայաքվե»–ի․ դիտորդական չեզոքության խախտո՞ւմ, թե՞ մրցակցի դեմ պայքար

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն, որով պնդում է, թե մեկ այլ՝ «Հայաքվե» դիտորդական առաքելությունը չի պահպանել քաղաքական չեզոքության սկզբունքը և հակաքարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ։ Ըստ հայտարարության՝ «Հայաքվե»-ն հավատարմագրումից հետո շարունակել է նախընտրական բնույթի ակտիվ հաղորդագրություններ տարածել սեփական սոցիալական հարթակներում։

«Ականատես»-ի ներկայացուցիչները Oragir.News-ին հայտնեցին, որ իրենց դիտարկմամբ՝ «Հայաքվե»-ի էջերում հաճախ տարածվել են հակաիշխանական բնույթի նյութեր, ինչի կապակցությամբ իրենք հաղորդում են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)՝ մեջբերելով համապատասխան օրինակները։

Պաշտոնապես «Ականատես» առաքելության հիմնադիրներն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»։

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Ականատես»-ն ունեցել է 22 դիտորդ, իսկ Փարաքարում՝ ոչ մի։ Էջմիածնի ընտրություններին նախատեսում է ունենալ 10 դիտորդ։

Ի համեմատություն «Ականատեսի»՝ «Հայաքվե»-ի դիտորդներն անհամեմատ ավելի շատ են․ Գյումրիում և Փարաքարում ընդհանուր ունեցել է 186 դիտորդ, իսկ Վաղարշապատում նախատեսում է ունենալ 87 դիտորդ։

Oragir.News-ի հետ զրույցում «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հերքեց «Ականատես»-ի պնդումները՝ դրանք որակելով որպես փաստերի նենգափոխում։

«Մենք քաղաքական չեզոքության սկզբունքը բնականաբար չենք խախտել։ Հոկտեմբերի 28-ից մենք գրանցված ենք որպես դիտորդական առաքելություն, և այդ պահից սկսած` մենք որևէ հաղորդակցություն չենք ունեցել՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Արգիշտի Մեխակյանի կամ որևէ այլ թեկնածուի հետ։ Մենք պահպանել ենք օրենքի ոգին», – նշեց Չալաբյանը։

Նրա խոսքով՝ «Ականատես»-ի մեղադրանքները համընկնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութրան վառ դեմքերից մեկի նախկինում հնչեցված մեղադրանքների հետ, սակայն դրանք անհիմն են.

«Երբ Գյումրիում և Փարաքարում մենք իրականացնում էինք դիտորդական առաքելություն, Վահագն Ալեքսանյանը պնդում էր, թե մենք չեզոք չենք, սակայն ոչ մի ապացույց չկարողացավ ներկայացնել։ Որևէ ընտրական հանձնաժողովի անդամ, նախագահ կամ քարտուղար վերապահում չի հայտնել մեր աշխատանքի վերաբերյալ։ Մենք իրականացրել ենք մաքուր դիտորդական գործունեություն՝ առանց միջամտելու ընտրական գործընթացներին»։

Չալաբյանը հավելեց, որ «Հայաքվե»-ն երբևէ որևէ կուսակցության կամ թեկնածուի նկատմամբ ոչ աջակցող, ոչ էլ հակառակ գործողություն չի իրականացրել, և հայտարարություններում ներկայացված պնդումները փաստացի հիմքեր չունեն։

Հայաստանի Ընտրական օրենսգրքի 32-րդ հոդվածը հստակ սահմանում է քաղաքական չեզոքության սկզբունքը՝ նշելով, որ այն վերաբերում է դիտորդի գործունեությանը այն ժամանակահատվածում, երբ նա իրականացնում է իր դիտորդական պարտականությունները։

Այսինքն՝ դիտորդը պարտավոր է չեզոքություն պահպանել հենց ընտրական գործընթացների ընթացքում՝ տեղամասերում կամ ընտրական հանձնաժողովներում դիտորդություն իրականացնելիս։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ք. ՍԱՀԱԿՅԱՆ

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ