Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Միտք 7 ամիս առաջ - 22:25 05-11-2025

Օսմանյան հիշեցում․ ինչ է խորհրդանշում Սերդար Քըլըչի նվիրած արծաթե ափսեն

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակության Հայաստան այցի ընթացքում Քըլըչը զարդանախշերով արծաթե ափսե է նվիրել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանին։ Նվերը գնահատվել է 101,228 դրամ, և Կոստանյանը այն հանձնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, քանի որ 60,000 դրամը գերազանցող նվերները պաշտոնյաները պարտավոր են հանձնել պետությանը կամ համայնքին։

Oragir.News-ը, հաշվի առնելով թուրքական դիվանագիտությունն ու արևելյան մոտեցումը, փորձել է վերլուծել ափսեի արտաքին տեսքն ու ներկայացնում է, թե ինչ է խորհրդանշում այն։

Նախ նշենք, որ նվերը արծաթե ափսե է, որի կենտրոնում պատկերված են զարդանախշային ծաղիկներ՝ վարդակակաչների (тюльпан) ձևով։ Դրանք արված են կարմիր, մուգ կապույտ և բաց կապույտ գույներով՝ սպիտակ ֆոնի վրա։ Այս ոճը բնորոշ է օսմանյան կամ թուրքական իզնիկյան կերամիկային, որը հայտնի է իր բարձրակարգ արհեստագործությամբ և խորհրդանշական բուսական զարդանախշերով։

Նման նվերին միայն գեղարվեստորեն նայելը շատ թերի մոտեցում է․ այն համարվում է Օսմանյան մշակույթի խորհրդանշական հիշեցում, հատկապես այն դեպքում, երբ նվիրողն ու ստացողը ներկայացնում են տարբեր և երբեմն հակադիր պատմական հիշողություններ։

Սա փաստացի թյուրքական մշակույթի խորհրդանշական պարտադրանք է կամ հիշեցում Օսմանյան անցյալի մասին։ Գյուլրու Նեջիփօղլուի դիտարկմամբ՝ Օսմանյան արվեստը հաճախ ծառայել է որպես «imperial identity»-ի տեսողական արտահայտություն (Necipoğlu, The Age of Sinan, 2005), այսինքն՝ մշակութային գերակայության հաստատման միջոց։ Վարդակակաչը Օսմանյան մշակույթում եղել է իշխանության, գեղեցկության և անցողիկ փառքի խորհրդանիշ։

Ահմեդ Էրսոյի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տյուլպանի պատկերն արտացոլել է սուլթանական պալատի աշխարհայացքը՝ շքեղ, բայց ժամանակավոր փառքի գաղափարը (Ersoy, “The Ottoman Tulip, the Latent Modern,” Muqarnas, 2004)։ ՄԵԹ-ի (Metropolitan Museum of Art) «Tulip Period» ցուցադրությունում ևս նշվում է, որ վարդակակաչը դարձել էր Օսմանյան արիստոկրատիայի ինքնահաստատման խորհրդանիշ՝ արտահայտելով իշխանության ձգտում և նրբաճաշակություն։

Այն կարող է նշանակել ցանկություն՝ տպավորություն թողնելու, բայց առանց անկեղծության։ Կարմիրը այստեղ խորհրդանշում է ուժ, կիրք և արյուն, իսկ մուգ կապույտը՝ սառնություն, հեռավորություն և աստվածային անդորր (Porter, Islamic Tiles, 1995)։ Նրանց միավորումը իզնիկյան ավանդույթում դիտվում է որպես աշխարհիկ իշխանության և հոգևոր հավասարակշռության գեղագիտական արտահայտություն (Atasoy & Raby, 1989)։ Քաղաքական ենթատեքստում այն ընկալվում է որպես սառնությամբ պատված իշխանական հաղորդագրություն։

Օլեգ Գրաբարն իր աշխատության մեջ նշում է, որ իսլամական զարդանախշերը հաճախ գործում են որպես «silent rhetoric of power and control» (The Mediation of Ornament, 1992), այսինքն՝ լուռ ձև իշխանություն ու վերահսկողություն տարածելու։

Այսպիսով, նման նվերը ոչ միայն համարվում է մշակութային ժառանգության փոխանցում, այլև իշխանական կամ քաղաքակրթական հուշում է, որի մեկնաբանությունը կախված է կողմերի պատմական հիշողությունից և փոխհարաբերությունների համատեքստից։

Իսկ մենք, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների համատեքստը, չենք կարող այդ նվերին նայել «վարդագույն ակնոցներով»։

Ք. Սահակյան

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
00:00 Ստացվում է՝ բախտներս բերեց. եթե Անուշ Սեդրակյանը դառնար ընդդիմադիր պատգամավոր, ողջ ԵՊՀ-ն կփակեին. Հայրապետյան
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում