copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 19:09 04-11-2025

Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը կամուրջ են ֆրանկոֆոն համայնքի և Հայաստանի միջև. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) ներկայացուցիչ Էրիկ Պոպին։

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանն ու Հասմիկ Ավագյանը։

Ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և ընդգծել Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության նախաձեռնություններին։

Նախարարը նշել է, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ է պատրաստվում 2027 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը՝ դիտարկելով դրանք ոչ միայն որպես խոշոր սպորտային իրադարձություն, այլև որպես մշակութային կամուրջ ֆրանկոֆոն համայնքի և Հայաստանի միջև։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպումներ է ունեցել ՖՄԿ ղեկավարության հետ, ծանոթացել Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպման փորձին, որն օգտակար կլինի 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպման ընթացքում:

Էրիկ Պոպը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի հետ ձևավորված համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերն առաջին անգամ են անցկացվելու այնպիսի երկրում, որտեղ ֆրանսերենը պետական լեզու չէ: Նրա խոսքով՝ խաղերի անցկացումը միաժամանակ մեծ հնարավորություն է ֆրանկոֆոն արժեքների տարածման և միջմշակութային երկխոսության խորացման առումով։ Պոպը կարևորել է ֆրանսախոս կամավորների ներգրավումը խաղերի կազմակերպչական գործընթացում՝ շեշտելով, որ ՖՄԿ-ն շարունակում է իրականացնել ուսուցիչների շարժունության և փոխանակման մի շարք ծրագրեր։

Ժաննա Անդրեասյանն իր հերթին ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընկալումը կարևոր քայլ է ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոն արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդասիրության և բազմազանության տարածման գործում։

Նա նշել է, որ խաղերի կազմակերպման աշխատանքներում արդեն իսկ ներգրավված են Հայաստանում ֆրանսիական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական և Երևանի պետական համալսարանի ուսանողները, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցում ունեցող մի շարք ավագ դպրոցների սովորողներ։ Նախարարը հավելել է, որ դիտարկվում է նաև սփյուռքի ֆրանսախոս հայ երիտասարդների ներգրավման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև խաղերի մարզական բաղադրիչը՝ անդրադառնալով մրցաշարերի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին և կազմակերպչական այլ հարցերի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը