Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:00 25-10-2025

Բանակը ունի՞ համալրման կարիք, թե՞ ոչ. ՊՆ նախարարի ու փոխնախարարի իրարամերժ հայտարարությունները

Երեք շաբաթվա տարբերությամբ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը ԱԺ ամբիոնից հնչեցրել է իրարամերժ հայտարարություններ։

Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովի ամբիոնից պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է. «Ցանկալի չէ այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին մարդկանց ներգրավում են նաև մարտական հերթապահության»։

Սա փաստացի նշանակում է՝ բանակը համալրման խնդիր ունի, և իշխանությունը ստիպված է քաղաքացիներին պարբերաբար վարժական հավաքների կանչել և մարտական հերթապահության ուղարկել։

Երեք շաբաթ անց նույն ամբիոնից պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է այլ բան. «Պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը։ Դա սևով սպիտակին գրված է... Այսօր պաշտպան հայրենյաց ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը կազմում է մի քանի հազար։ Այսինքն՝ խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է»։

Եթե բանակն իրականում համալրվում է պայմանագրայիններով, ապա ինչո՞ւ է մարտական հերթապահությունը վստահվում այն մարդկանց, ովքեր վարժական հավաքի շրջանակում ընդամենը մի քանի օր են անցկացնում զորամասում։ Արդյո՞ք վարժական հավաքի մասնակիցը կարող է նույն մակարդակի պատրաստվածություն, կարգապահություն և մարտական արձագանք ունենալ, ինչ պայմանագրային զինծառայողը։ Սա ոչ միայն մարտունակության, այլ նաև անվտանգության հարց է։

Oragir.News-ը խնդիրը քննարկել է ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ։ Վերջինիս կարծիքով՝ Պաշտպանության նախարարությունում նկատվող հակասությունները բխում են երկու տարբեր տրամաբանություններից՝
ազգային անվտանգության և քաղաքական իշխանության պահպանման։

«Ռազմական անվտանգության տրամաբանությունը պարզ է՝ քանակի հարց է։ Երբ մենք վերահսկում էինք Արցախը, մեր սահմաններն ավելի կարճ էին, հիմա՝ կրկնակի երկար։ Այս իրավիճակում անհրաժեշտ է զորքի քանակի և ուժային ռեսուրսների ավելացում։ Բայց իշխանությունը առաջնորդվում է ոչ թե այդ տրամաբանությամբ, այլ քաղաքական հաշվարկով»։

Փորձագետը համոզված է, որ ծառայության ժամկետի կրճատման որոշումը պոպուլիստական է և միտված է իշխանության պահպանմանը, ոչ թե անվտանգության ապահովմանը․

«Այդ որոշումը չի համաձայնեցվել ռազմական կառույցների և փորձագետների հետ։ Սա ընտրական տրամաբանությամբ արված քայլ է, որը կարճաժամկետ քաղաքական շահ ունի, բայց վտանգավոր է երկարաժամկետ ազգային անվտանգության տեսանկյունից»։

Արզումանյանի խոսքով՝ 2020–2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի պահեստազորը անպատրաստ է արդի պատերազմին։ Այդ համակարգը պետք է բարեփոխել խորքային ձևով, ոչ թե սահմանափակվել կարճատև վարժական հավաքներով։

«Պահեստազորը պետք է դառնա պրոֆեսիոնալ վերապատրաստման համակարգ։ Բայց իշխանությունը, փորձելով պահել խաղաղության պատրանքը, իրական խնդիրները ներկայացնում է կոսմետիկ ձևով»։

Փորձագետը շեշտում է՝ առանց կառավարման մոդելի փոփոխության, հնարավոր չէ լուծել անվտանգության խնդիրները։

«Հայաստանի քաղաքական համակարգը ավտորիտար է՝ Սերժ Սարգսյանի սահմանադրական ժառանգությամբ։ Այս մոդելը չի կարող ապահովել փոխվստահության վրա հիմնված անվտանգություն։ Անհրաժեշտ է անցում ժողովրդավարական մոդելի, որտեղ իշխանությունն ու հասարակությունը գործակցում են պետության պաշտպանության ընդհանուր նպատակով»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին

Ձեզ գուցե հետաքրքրի