copy image url
Միտք Ներքին 9 ամիս առաջ - 09:00 17-10-2025

Ինչո՞ւ փակեցին Մկրտիչ Սրբազանին․ վրե՞ժ, թե՞ թեմակալների հալածանք

Անիի բանալիները Բյուզանդիայի Վասիլ 2-րդ կայսրին հանձնելուց հետո հայերի վիճակը վատացավ։ Բյուզանդիան սկսեց հալածել և՛ հայ ազնվականներին, և՛ հայ հոգևորականներին։ Այս դասը կցուցանե, որ թշնամին կարող է իրար դեմ լարել Հայաստանի աշխարհիկ ու հոգևոր իշխանություններին, հակամարտություն բորբոքել, իսկ պետությունը ոչնչացնելուց հետո գլխատել երկուսին էլ։

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հոկտեմբերի 16-ին 2 ամսով կալանավորվեց: Մայր Աթոռը, բազմաթիվ հանրային գործիչներ հակաեղեկացական արշավի նոր դրսևորում որակեցին հոգևորականների նկատմամբ հետպնդումների այս նոր ալիքը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբեր 16-ին ճեպազրույցի ժամանակ հավաստիացրեց, որ իրավական գործողություններն ուղղված չեն եկեղեցու դեմ։

«Իմ կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակում չկա։ Հայ առաքելական եկեղեցու թղթերում որևէ տեղ գրած չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են, որ եպիսկոպոսը և եկեղեցին նույնական են»,- հայտարարեց նա։

Եթե թիրախում եկեղեցին չէ, ապա հարց է առաջանում՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին 2 ամսով կալանավորելու իմաստը ո՞րն է։ Հանրային խոսույթում քննարկվում է 2 ուշագրավ ենթադրություն։ Ոմանք կարծում են, որ սա վրեժխնդրություն է։ Ոմանք էլ ենթադրում են, որ միտումնավոր են թիրախավորվում թեմակալ առաջնորդերը։

Վրեժը կուրացնում է։ Վրեժով լցվածը երբեմն թիրախավորում է ոչ միայն կոնկրետ մեկ հոգու, ում հետ չփակված հաշիվ ունի, այլև այդ մեկի մերձավորներին։

Որոշ առումով՝ Գարեգին Բ-ի գահընկեց անելու նախաձեռնությունը կարելի է վրեժխնդրություն որակել։ Փաշինյանը ակնհայտ անբարյացկամ է արտահայտվում կաթողիկոսի հասցեին, հիշում, որ Գարեգին Բ-ն մի քանի տարի առաջ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հոկտեմբերի 16-ի ճեպազրույցում, Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալմանն առնչվող հարցին պատասխանելու համատեքստում նա հիշեց հրաժարական տված կաթողիկոսների մասին, ուղղակի ակնարկելով, որ ակնկալում է Գարեգին Բ-ի հրաժարականը։

Եթե Փաշինյանն իրոք առաջնորդվում է վրեժով, ու վրեժն էլ նրան կուրացրել է, ապա ենթադրելի էր, որ վերժխնդրության տրամանաբանության մեջ կարող էին թիրախավորվել նաև վեհափառի մերձավոր հարազատները։ Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ ՔՊ-ական իշխանությունները, հավանաբար, ակնկալում են, որ ՀՀ իրավապահի կողմից կաթողիկոսի մերձավորներին հետապնդելու արդյունքում Գարեգին Բ-ն հրաժարական կտա, որ փրկի հարազատներին Փաշինյանի վրեժխնդրությունից։ ՀՀ չբարեկամներն էլ ակնկալում են, որ այս հետապնդման արդյունքում Գարեգին Բ-ի և Փաշինյանի միջև հնարավոր հաշտության կամուրջը կայրվի։

Ըստ մեկ այլ ենթադրության՝ միտումնավոր թիրախավորում են թեմերի առաջնորդներին, որ վախեցնեն նրանց։ Սրա արդյունավետությունը ևս տեսականորեն ցածր չէ։ Մյուս թեմերի առաջնորդները կարող են վախենալ, որ առաջիկայում հերթը կհասնի իրենց։ Այսինքն՝ Եկեղեցու շարքային սպասավորները Հ1-ով հայտարարություններ կանեն ու դրանց հիմքով՝ կկալանավորվեն բոլոր թեմերի առաջնորդները։ Այդ ենթադրյալ սարսափելի հեռանկարի ազդեցության տակ ոմանք կանցնեն Փաշինյանի կողմը, կմիանան Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջին։ Հավանաբար՝ այսպիսի ակնկալիք ունի Փաշինյանը, չբացառելով, որ թեմերի առաջնորդները ներսում հեղաշրջում կկազմակերպեն, գահընկեց կանեն Գարեգին Բ-ին։ Չբարեկամներն էլ, հավանաբար, հույս ունեն, որ Հայաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանությունների կոնֆլիկտը կխորանա ու կընդլայնվի, կողմերն ինքնամոռաց կթուլացնեն միմյանց։

Միով բանիվ՝ Փաշինյան-Գարեգին Բ դիմակայությունը նոր երանգ ստացավ Մկրտիչ Սբազանի կալանավորումից հետո։ Ցավալի է, որ կողմերը քաղաքական քայլ չեն անում այս ամոթալի հակամարտությանը վերջ տալու համար։ Տպավորություն է, թե նրանք քաղաքական կամք չունեն, կարծես՝ դեռ Բյուզանդիայի ձեռքին խաղալիք են։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել