Հոլիվուդյան ռեժիսոր Թիմ Բըրթոնը և իտալացի դերասանուհի, մոդել Մոնիկա Բելլուչին համատեղ հայտարարել են բաժանվելու մասին։
«Մեծ հարգանքով և իրար նկատմամբ ունեցած խորը հոգածությամբ Մոնիկա Բելլուչին և Թիմ Բըրթոնը որոշել են իրենց ճանապարհներ բաժանել»,- նշված է նրանց համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը։
Զույգի ծանոթությունը տեղի է ունեցել 2006 թվականին, սակայն նրանք կրկին շփում են հաստատել տարիներ անց՝ 2022-ին Ֆրանսիայում կայացած Lumiere Film Festival-ում: Ավելի ուշ՝ 2023 թվականին Բելլուչին բացահայտել է, որ իրենք արդեն հարաբերությունների մեջ են։
«Ի՞նչ կարող եմ ասել… Նախ և առաջ ուրախ եմ, որ հանդիպեցի այս տղամարդուն»,- Elle France-ին տված հարցազրույցում անկեղծացել էր Բելլուչին։ «Սա այնպիսի հանդիպումներից մեկն է, որ հազվադեպ է պատահում կյանքում… Ես ճանաչում եմ նրան որպես մարդու, սիրում եմ նրան և հիմա հանդիպելու եմ նրան որպես ռեժիսորի։ Սկսվում է ևս մեկ նոր արկած: Ես սիրում եմ Թիմին և հարգում եմ նրան որպես Թիմ Բըրթոն»։ Իսկ Բըրթոնը Բելլուչիին նկարագրել էր որպես «շատ յուրահատուկ»։
Բելլուչին 2024 թվականին նկարահանվել է Թիմ Բըրթոնի «Beetlejuice Beetlejuice» ֆիլմում, որը ռեժիսորի 1988 թվականին նկարահանած սարսափ-կատակերգական բլոկբաստերի սիքուելն է:
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակից լինել այս ֆիլմում և մուտք գործել Թիմի աշխարհը»,- ասել է դերասանուհին։ «Թիմը Արտիստ է, և նա գիտի, թե ինչպես ստեղծել իրավիճակներ, որոնք միաժամանակ ֆանտաստիկ, սարսափելի, կատակերգական և էմոցիոնալ են», - ֆիլմի մասին խոսելիս նշել էր Բելլուչին:
Հիշեցնենք, որ Բելլուչին ունի երկու դուստր՝ ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ 14 տարի տևած ամուսնությունից, որը ավարտվել է 2013 թվականին։
Բըրթոնը երկարատև հարաբերություններ է ունեցել բրիտանացի դերասանուհի Հելենա Բոնեմ Քարտերի հետ մինչև 2014 թվականը, ունենալով 2 զավակ: