copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 09:00 20-09-2025

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չի հերքում, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է եղել

Հայաստանում գործող օտարերկրյա դեսպանությունները ներկայացնում ու պաշտպանում են իրենց երկրի շահերը, և դա նորմալ է։ Երբ ՀՀ պաշտոնյան է ստորադասում ազգային շահերն ու սպասարկում օտար պետության շահերը, ապա սա ազգային անվտանգային խնդիր է, որով զբաղվում են համապատասխան պետական կառույցները։ Նորմալ երկրում պետական պաշտոնյային օտար երկրի գործակալ լինելու մեջ կասկածելն ինքնին սկանդալ է։ Այդ կասկածը արագ հերքվում է հիմնավոր փաստերով, կամ այդ պաշտոնյան պաշտոնանկ է արվում և պատասխանատվության ենթարկվում։

«Ես գործնականում ՀՀ-ում 20 տարի, եթե ոչ ավելի, ենթադրում եմ 24 տարի, ապրել եմ, ըստ էության, ամենօրյա օպերատիվ վերահսկողության ներքո»,- ասել է Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով իր գործակալ լինելու մասին լուրերին, ապա հավելել,- «Հետին թվով ցնդաբանություններ են հորինվում իշխանությանը վարկաբեկելու մասին: Եթե տվյալների որևէ նշույլ անգամ գոյություն ունենար, լավ պատգամավոր եղած ժամանակ չէ, լրագրող եղած ժամանակ չէ, գոնե հեղափոխության ժամանակ, երբ իշխանությունը փլուզվում էր, այդ իշխանությունը պետք է դներ սեղանին ասեր՝ ժողովո՛ւրդ, տեսեք՝ այս ինչ է կատարվում: Հիմա գնացել, մտել են դիվանների տակ, դիվանի տակից ուղերձներ են հղում՝ հույս ունենալով, որ դա իրենց թույլ է տալու դիվանի տակից դո՞ւրս գալ: Թույլ չի տալու: Իրենց տեղն այլևս բազմոցի հարմարավետ տակն է, և այլ կերպ չի լինելու»։

Ինչո՞ւ ԱԱԾ-ն չի հերքում, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է եղել։

Մեր երբեմնի բախտակից երկրներում իրականացվել է լյուստրացիա և ռուսական գործակալներին արգելվել է զբաղեցնել պետական պաշտոններ։ Այսինքն՝ պաշտոնյա ընտրելուց կամ նշանակելուց առաջ այդ երկրի ԱԱԾ-ն տրամադրում է տվյալներ նրա գործակալ լինել-չլինելու մասին։ Եթե հանրային կասկած է առաջանում, ապա ԱԱԾ-ն հրապարակում է տվյալները և փարատում հանրության կասկածները։

Զարգացած երկրներն էլ զերծ չեն այսօրինակ կասկածերից։ Օրինակ՝ ԱՄՆ-ում մի քանի տարի առաջ մամուլում հրապարակումներ եղան, թե Մոսկվան միջամտել է ԱՄՆ նախագահի ընտրություններին, հետևաբար՝ ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը լեգիտիմ չէ։ Այդ հրապարակման հիմքով քննություն կազմակերպվեց, պետական համապատասխան կառույցները հանդես եկան ընդարձակ, համակողմանի զեկույցներով, մանրամասն ուսումնասիրելով մամուլի հրապարակումը, հարցաքննելով բոլորին, ովքեր ենթադրաբար առնչվել են կամ կարող էին առնչվել ռուսական միջամտությանը։

ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական պետություն է։ Եթե անկախ, ժողովրդավարական Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական գործակալ է, ապա դա բավարար հիմք է նրան իմպիչմենտ հայտարարելու համար։ ՀՀ քաղաքացիներն անկախության և ժողովրդավարության ջատագովներ են։ Եթե Փաշինյանը գործակալ է, ապա քաղաքացիները նրան ձայն չեն տա, և նա կպարտվի 2026-ի ԱԺ ընտրություններում։ Այսինքն՝ Փաշինյանը կարող է կորցնել իշխանությունը։ Հետևաբար՝ ԱԱԾ-ն, իրավապահները, հատուկ ծառայությունները պարտավոր են անդրադառնալ Փաշինյանի՝ գործակալ լինելու մասին հրապարակումներին, քննել, հանդես գալ համապատասխան զեկույցով, որ ցրվեն կամ ապացուցվեն կասկածները։

Մյուս կողմից՝ եթե համապատասխան պետական մարմինները չեն արձագանքում Փաշինյանի՝գործակալ լինելու մասին հրապարակումներին, ապա տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական պետություն չէ, գաղութ է կամ ազդեցության գոտի, և ամոթալի չէ, այլ նորմալ է, նույնիսկ՝ պարտադիր, որ պաշտոնյան, վարչապետը գործակալ են։ Այս առումով՝ ԱԱԾ-ի, համապատասխան կառույցների անտարբերությունը Փաշինյանի՝ գործակալ լինելու մասին հրապարակումների վերաբերյալ բազմապատկում են անվտանգային ռիսկերը։ Աշխարհում կարող են մտածել, թե ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական չէ, քանի որ համապատասխան պետական կառույցները չեն արձագանքում վարչապետի՝ գործակալ լինելու մասին հրապարակումներին։

Պարզ ասած՝ Փաշինյանի վերը հնչեցրած պատասխանը բավարար չէ։ Նրա նկատմամբ 24 տարի ամենօրյա օպերատիվ հսկողություն իրականացրած կառույցները պետք է հանդես գան համապատասխան զեկույցներով, հերքեն կամ հաստատեն Փաշինյանի՝ գործակալ լիելու մասին կասկածը։ Այսպես կամրապնդվի ժողովրդի հավատը, որ Հայաստանն անկախ, ժողովրդավարական պետություն է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել