Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 13:00 18-09-2026

Ինչ սխալ է արել Փաշինյանը, որ պետության կորստին 5 րոպե է պակասել

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Նիկոլ Փաշինյանի խոստովանությունները շարունակվում են։ 2025-ի հունիսի 19-ին նա խոստովանեց, որ ֆորպոստի վարչապետ է եղել մինչև 2022-ը։ Իսկ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, խոստովանեց, որ պետությունը կործանման եզրին է հասցրել։

«2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններն ակնհայտ դարձրեցին, որ, եթե մտածողության նոր թողարկում չունենանք, մենք կկորցնենք Հայաստանի Հանրապետությունը։ Մենք եղել ենք Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս»,- ասել է նա Երևանում կազմակերպված «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովում ունեցած ելույթում։

Ի՞նչ սխալ քաղաքականություն է վարել Փաշինյանը, որի արդյունքում Հայաստանը հասել է պետականությունը կորցնելու իրական վտանգի առաջ, ինչպես ասում են՝ 5 պակաս։ Եվ արդյո՞ք այդ վտանգը չեզոքացված է։

Բոլորն են հիշում, որ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո ՔՊ-ականները պարծենում էին, թե հայ-ռուսական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են։ Այս շրջանում ՀՀ իշխանությունը փաստացի սառեցրել էր ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը և ամբողջությամբ սպասարկում էր ռուսական շահերը, կատարում Կրեմլի թելադրանքը, Սիրիա զորախումբ էր ուղարկում, ՄԱԿ-ում քվեարկում էր ՌԴ-ի և մեկ տասնյակ մերժված երկրների պես։

Սա ամենամեծ սխալն էր։

2018-ի հոկտեմբերին Ջոն Բոլթոնն այցելել է Երևան, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր, առաջարկել օգնություն, սակայն մերժում ստացել։ ՀՀ իշխանությունը նախընտրում էր մնալ ռուսական ուղեծրում։ 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ իշխանությունը համառորեն մերժում էր ԱՄՆ-ի, ԵՄ-ի օգնության, միջնորդական ջանքերը։ Օրինակ՝ հոկտեմբերի 8-ին ՀՀ-ն մերժեց Ժնև այցելելու հրավերը, իսկ հաջորդ օրը ԱԳ նախարարը գնաց Մոսկվա և տևական բանակցություններ վարեց։ ՀՀ-ն համառորեն մերժում էր սկանդինավյան, ոչ ՆԱՏՕ-ական երկրների խաղաղապահ առաքելության ներգրավումն Արցախում՝ նախապատվություն տալով ռուսական խաղաղապահին։

Իսկ չբարեկամները աշխարհին ցույց են տվել, թե ՀՀ-ն անկախ երկիր չէ, ռուսական շահեր է սպասարկում, Չարիքի գործիք է, սպառնալիք միջազգային անվտանգության համար։ Եվ այսպիսով՝ չբարեկամներն արդարացրել են իրենց ագրեսիան։ Այսօր էլ նույն արդարացումն են ներկայացնում աշխարհին, երբ որևէ մեկը խոսում է Հայսատանի, հայ ժողովրդի իրավունքների, Արցախից հայերի բռնի տեղահանման և չբարեկամների մյուս հակամարդկային արարքների մասին։

Սակայն այս ամենը դաս չեղավ։ ՀՀ իշխանությունները ՌԴ-ից ու ՀԱՊԿ-ից ոչ մի օգնություն չէին ստանում, սակայն կրկին դիմում էին նրանց։ Այսինքն՝ նույն սխալ քաղաքականությունն էին շարունակում։ Նույնիսկ 2022-ին, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, Հայաստանը մի քանի շաբաթ անց մարդասիրական օգնություն ուղարկեց Մոսկվա։ Սա նույն սխալի վառ ապացույցն էր ի տես աշխարհի։

2022-ի սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի ագրեսիայի փաստով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստում ՌԴ-ն, Չինաստանը և մի քանի այլ երկրներ չդատապարտեցին ՀՀ-ի դեմ ագրեսիան, այսինքն՝ հրապարակավ չճանաչեցին ՀՀ ինքնիշխան իրավունքները և արգելափակեցին ագրեսիան դատապարտող ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունումը։ Նույնիսկ ՀԱՊԿ-ը, որն անվտանգության հովանոց էր, չճանաչեց ՀՀ իրավունքները։

Ահա այս ելույթներից ու վետոյից հետո Փաշինյանը հավանաբար հասկացավ, որ Ռուսաստանը կարող է վաճառել Հայաստանը, որը Փաշինյանի սխալ քաղաքականության արդյունքում դարձել էր ռուսական ազդեցության գոտի, ֆորպոստ։ Ենթադրաբար՝ այս պահն է գնահատվում պետականության կորստից 5 պակաս։

Իսկ ի՞նչ է փոխվել ՔՊ-ական իշխանության մտածողության մեջ։

Ըստ էության՝ քիչ բան է փոխվել, այն էլ խոսակցական մակարդակում։ Եվ այդ փոփոխությունը չի դառնում պայմանագիր, օրենք, հայեցակարգ։ ՀՀ-ն մնում է ռուսական գոտում, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ։ Սակայն ռեալ քաղաքականության մեջ տեսանելի է ԱՄՆ-ի, ԵՄ-ի ներգրավվածության մեծացումը։ Հետևապես, ենթադրելի է, որ ոչ միայն ՔՊ մտածողությունն է փոխվել բանավոր մակարդակում, այլև Արևմուտքն է վճռական ներգրավվել ՀՀ-ում, և հենց դա էլ հանդիսանում է ՀՀ ինքնիշխանության և պետականության պահպանման գրավականը։

Կարճ ասած՝ Փաշինյանի այսօրվա խոստովանությունը թող դաս լինի գալիք քաղաքական գործիչների համար, որ վառ ռուսամետ կուրսը, որը վարել է Փաշինյանը 2018-2022-ին, աղետալի է և կարող է հանգեցնել պետականության կորստի։ Իսկ այսօրվա ու վաղվա իշխանությունն ու ընդդիմությունն էլ կարող են լուրջ քայլեր կատարել՝ չեզոքացնելու ռուսական վտանգը, որ նույն 5 պակաս իրավիճակը չկրկնվի։

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:33 Փրկվել է Մալիշկա գյուղում հայտնաբերված Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ
14:00 Կազինոյի 140 միլիոն դրամը ֆա՞րս է․ ԲԿ տնօրենը գույք է հափշտակել