Փաստ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 16-ին տեղի կունենան Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն որոշեց գնալ արտահերթ ընտրությունների՝ Խոյ խոշորացված համայնքը Վաղարշապատին միացնելու միջոցով: Իշխանությունների հույսն այն է, որ առաջադրելով այդ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը՝ նրա ղեկավարած համայնքի բնակավայրերից համապատասխան քվե կստանան: Այս ընտրություններին ՔՊ-ն մոտենում է որպես «կենաց-մահու» խնդրի՝ նախևառաջ այն պատճառով, որ սա համապետական ընտրություններից առաջ վերջին «քննությունն» է:
Սակայն, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՔՊ-ի վիճակը չափազանց ծանր է, իսկ հաղթելու հնարավորությունը՝ զրոյական: Բանն այն է, որ նախ՝ Վաղարշապատ համայնքի նախորդ վարչակազմը՝ Դիանա Գասպարյանի ղեկավարությամբ, ձախողել է նույն ՔՊ-ի նախընտրական բոլոր խոստումները, դրանից բացի, վերջինս ու իր հարազատները անցնում են լրջագույն քրեական գործերով:
Մյուս կողմից, մեղմ ասած, միանշանակ չէ Արգիշտի Մեխակյանի հանգամանքը. հանրության գերակշիռ մեծամասնությունը նրան չի ներում, որ լինելով Արցախն ազատագրած հերոսներից մեկի՝ Մեխակ Մեխակյանի որդին, նա միացել է Արցախն ուրացած ու հանձնած Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, ինչպես տեղացիներն են նշում, ինքն էլ ուրացել է իր հոր գործը: Այնպես որ, ՔՊ-ի հույսերը, որ նա կարող է կրկնել Խոյ խոշորացված համայնքում երեք տարի առաջվա ընտրությունների արդյունքները, ծայրահեղորեն չափազանցված են: Մյուս կողմից՝ առաջիկա ընտրությունները չափազանց թեժ են լինելու, քանի որ ընդդիմությունն է բավականին մարտականորեն տրամադրված, ու շատ ուժեղ թեկնածուներ են առաջադրվելու: Արդեն իսկ կան տեղեկություններ, որ ընտրություններին մասնակցելու է Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ամենայն հավանականությամբ, «Առաջ» կուսակցությամբ կամ կուսակցությունների դաշինքով: Մասնակցության հայտ է ներկայացրել նաև Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը՝ ի դեմս Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հոր՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի: Դեռևս չճշտված տեղեկություններ կան, որ առաջին անգամ ուղղակիորեն ընտրություններին մասնակցելու է նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, «ՀայաՔվեի» ցուցակը կգլխավորի «Հայրենիքի վահան» ՀԿ ղեկավար, պահեստազորի գնդապետ Գագիկ Հովհաննիսյանը: Միավորումից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ Վաղարշապատի ընտրությունների հետ կապված առաջիկայում հավել յալ տեղեկություններ կտան:
Մի խոսքով, իրապես թեժ ու ծանր ընտրություններ են սպասվում նոյեմբերի 16-ին, ու ընդդիմադիրները տրամադրված են պարտության մատնել ՔՊ-ին՝ ոչ միայն կրկնելով Գյումրու ընտրությունների օրինակը, այլև ավելի համոզիչ արդյունքներ գրանցելով:
Հրապարակ օրաթերթը գրում է․ ՔՊ-ում ակտիվ քննարկում են՝ ինչու, այնուամենայնիվ, ամենակարկառուն ՔՊ-ականներից մեկը՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, կուսակցության ղեկավար մարմնում` ՔՊ վարչությունում ընդգրկվելու հավակնություններ չդրսեւորեց, վարչության անդամի թեկնածություն չառաջադրեց։
Նրա մտերիմների կարծիքով, Արշակյանը շարքային ուսապարկերից տարբերվում է նրանով, որ միշտ ունեցել է սեփական կարծիքը. եթե անգամ չի արտահայտել, միեւնույն է՝ չի համաձայնել, չի գովերգել շեֆին եւ չի կրկնել նրա՝ իրեն դուր չեկած տեսակետները
Դրա համար էլ նախընտրել է չմտնել վարչություն, որտեղ Նիկոլ Փաշինյանի զինվորներն են, նրա յուրաքանչյուր անհեթեթությունը րոպե առաջ կրկնողներն ու նրա հրահանգով կամրջից նետվելու պատրաստ անձինք։
Արշակյանին հարցրինք իր չառաջադրվելու պատճառների մասին, կարճ-կոնկրետ պատասխանեց․ «Ցանկություն չունեի»: Թե ինչու չուներ` չասաց։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել արտախորհրդարանական ուժերի գործունեությունը 2026 թվականին Հայաստանում սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել, թե ինչպես եւ ինչ մասնակցություն կունենան համապետական ընտրություններին:
Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք ընտրություններին պատրաստվում ենք նախորդ ընտրության հաջորդ օրվանից: Ոչ թե մանդատի կամ խորհրդարանում անպայման հայտնվելու օրակարգով ենք շարժվում, այլ մեր մոտեցումը հետեւյալն է. երկրում պետք է իշխանությունը փոխվի:
Ընտրություններից սպասելիքս մեկն է՝ 2026 թվականին Հայաստանի վարչապետի անունը չպիտի լինի Նիկոլ Փաշինյան: Ուրիշ սպասելիք չունեմ»»։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Չնայած տարեսկզբին հայտարարվեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը կշարունակվի Տավուշից, սակայն, մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը պնդում է, որ այն շարունակեն Սյունիքից։ Վաշինգտոնյան համաձայնագրից հետո Ադրբեջանը շտապում է կյանքի կոչել, Ալիեւի բնորոշմամբ, «Զանգեզուրի միջանցքը», ու թերեւս այս նպատակով ակտիվություն է նկատվում նաեւ սահմանազատման հանձնաժողովների շփումներում։
Օրերս հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի ղեկավարությամբ կայացել են «փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք, Ադրբեջանի Հանրապետության տարածք»։
ՀՀ ԱԳՆ-ից նաեւ հայտնեցին․ «2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների /հատվածամասերի սահմանազատման, ականազերծման, ինչպես նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման եւ դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով»։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից էլ հավելյալ պարզաբանեցին՝ հանդիպումը կայացել է Սյունիքի մարզի եւ Զանգելանի շրջանի հարավային մասերում։
Մեր տեղեկություններով՝ կողմերն ուղղաթիռով նախ Մեղրիում են հանդիպել, ապա, որպես «ԱդրբեջանիՀանրապետության տարածք», այցելել են Արցախ: Մեզ պատմեցին, որ աննկարագրելի զգացում է պատել հանդիպման մասնակիցներին, սակայն որեւէ մեկը որեւէ բառով չի արտահայտել դա։ Ադրբեջանական կողմի պահանջով, որոշել են սահմանազատումը շարունակել Սյունիքում: Ընդ որում, Որոտան-Շուռնուխ ճանապարհը վերադարձնելու հարցը քննարկելիս ադրբեջանցիները հայտարարել են, թե դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ հայկական կողմը դրա այլընտրանքն արդեն կառուցել է:
Վերջնական համաձայնություն այս հարցում դեռ չկա, սակայն, ասում են, խնդիրը միայն ճանապարհը չէ, այլ տարածքների հարցում էլ Ադրբեջանը նկրտումներ ունի։ Շատ պահանջում է, որ մի քիչ պակասի վրա համաձայնության գա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներսում մի մեծ զանգված աշխատում է, որպեսզի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՔՊ վարչության անդամ չդառնա: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ մեծ լարվածություն ու դժգոհություն կա Ավանեսյանի շուրջ, ու, կարելի է ասել, մի մեծ բանակ ամեն գնով ցանկանում է խոչընդոտել նրա ներկայությունը ՔՊ կազմում:
Ի հեճուկս դրա՝ Ավանեսյանն էլ շատ ակտիվ քարոզչություն է անում հօգուտ իրեն, մասնակցում է ՔՊ նախաձեռնող նիստերին եւ բոլոր այն միջոցառումներին, որտեղ ներկա է հատկապես Նիկոլ Փաշինյանը:
Ըստ ՔՊ-ականների՝ Ավանեսյանն իրենց հետ որեւէ ձեւով չի պայքարել հեղափոխության օրերին, շատ պասիվ է եղել ու իրավունք չունի ՔՊ վերնախավում լինելու: Բայց, կարծես թե, Ավանեսյանին հաջողվել է «գրավել» Փաշինյանին ու կանաչ ճանապարհ հարթել իր համար:
Կհաջողվի՞ Ավանեսյանին այս իրավիճակում սեպտեմբերի 20-ին ընտրվել նոր վարչության կազմում, թե՞ ոչ. դժվար է ասելը»։