Հրապարակ օրաթերթը գրում է․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձեւով» ժողովրդական շարժման հիմնադիրները, անդամները մարզերում, համայնքներում ակտիվ խմբեր են ձեւավորում, փնտրում-հավաքագրում են մարդկանց: Ամենուր 4-5 հոգանոց խմբեր են ձեւավորվում, որոնք փորձելու են շարժումն առավել մասշտաբային դարձնել։ Համացանցում շուրջօրյա գովազդ է միացված, որը կոչ է անում մարդկանց միանալ «Մեր ձեւով» շարժմանը:
Բնականաբար, նաեւ գրասենյակներ են վարձում, քննարկումներ, հավաքներ են կազմակերպվում, մարդկանց են նաեւ աշխատանքի ընդունում կամ նրանց նվազագույն ծախսերը հոգում` նման գործընթացն առանց ֆինանսների հնարավոր չէ իրականացնել: Մեր տեղեկություններով, իրավապահներին հրահանգ է իջեցվել կրնկակոխ հետեւել այս ամբողջ գործընթացին, «նստել» այդ մարդկանց «պոչին», վարույթներ հարուցել, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: Մի խոսքով, հնարավորինս հնչեղ շոուներ բեմադրել` ամեն գնով նոր քաղաքական ուժի ձեւավորմանը խոչընդոտելու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արսեն Թորոսյանը, որն առողջապահության ոլորտը ձախողելուց հետո մանդատ ստացավ եւ լքեց գործադիրը, հիմա էլ մանդատը դրել է, եւ դառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ իր շուրջն է հավաքում ոլորտն իր հետ ձախողած տեղակալին։
Բացենք չակերտները եւ ասենք, որ խնամի-ծանոթ-բարեկամ եզրույթը իբր մերժած ՔՊ-ականը երեկ Միասնական սոցիալական ծառայության պետ նշանակեց Արտյոմ Սմբատյանին։
Արտյոմ Սմբատյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն ու բարեկամն է, որը առողջապահության փոխնախարար է եղել հենց Թորոսյանի օրոք։ Սմբատյանը նաեւ նախկինում զբաղեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։
Հիմա էլ Թորոսյանի կադրային ջարդը կարծես թե համալրվում է ծանոթներով, բարեկամներով եւ սանիկներով։
Հարկ է նշել, որ հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները, եւ անկազմակերպվածության պատճառով խլվեցին շատ կյանքեր»։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Ի տարբերություն Բագրատ սրբազանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեսակցությունն արգելված չէ, եւ պարբերաբար «Երեւան-Կենտրոն»` ԱԱԾ-ին կից մեկուսարան նրան այցի են գնում փաստաբանները, մերձավորները, նաեւ՝ ընդդիմադիրները։ Սրբազանին այցելողները պատմում են, որ նրա «դուխը» տեղն է, հումորը՝ եւս: Ասում են՝ իմանալով, որ իրեն գաղտնալսում են, շարունակ հումորներ է անում Նիկոլ Փաշինյանի թեմայով` հատուկ գաղտնալսողների համար: Նաեւ աղոթք ու պատարագ է կարդում «կլյուչնիկների», ՔԿՀ աշխատողների համար։
Հիշեցնենք, որ սրբազանները նստած են նույն խցում։ Նրանց հարազատները «տուլիկ» տանելու հոգսը կիսել են իրար մեջ` 2 շաբաթ Միքայել Աջապահյանի, 2 շաբաթ` Բագրատ սրբազանի մերձավորներն են ուտելիք հասցնում: Երկու սրբազանն էլ, մեծ հաշվով, կալանավորված են իշխանության՝ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում, թեպետ պաշտոնական մեղադրանքն իբրեւ թե «ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանությունը զավթելու կոչ անելու» «հանցանքներն» են։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդական վկայական ստանալը դարձել է պատուհաս ապագա վարորդների համար։
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած քաղաքացիները պնդում էին, որ վարորդական վկայականի տեսական քննությունը հանձնելուց հետո գործնական քննություն հանձնելու համար պետք է սպասել 6 ամիս՝ «Սեւանի» եւ «Աբովյանի» ՀՔԲ-ներում։
Ահազանգած քաղաքացին բացատրեց հետեւյալ խնդիրը. «Ես դրական արդյունք եմ ունեցել տեսական քննության ժամանակ։ Քննությունը հանձնել եմ օգոստոսին։ Հաջորդ օրն իսկ ցանկացա գրանցվել գործնական քննության, սակայն «Սեւանի» ՀՔԲ-ում հերթը միայն ինձ կհասներ փետրվարի 2-3-ին։ Մտածեցի՝ սպասեմ, նոր օրենքի ընդունումից հետո, հնարավոր է, օրեր ազատվեն։ Եկավ սեպտեմբերը, առաջին մեկ շաբաթում օրեր չազատվեցին։ Հիմա էլ նայում եմ՝ հերթն արդեն հասել է փետրվարի 27-28: Եթե հայտնի թեզին հավատանք, որ «առաջին անգամ ոչ ոք չի ստանում», ապա 2-րդը եւս կլինի 6 ամիս անց, ու կլրանա իմ տեսական քննության ժամկետը։ Ստացվում է, որ էս նոր օրենքն էլ է բյուջե լցնելու համար. փողը տանք՝ ստանանք, կաշառքը օրինականացվել է, էլի»,- վրդովված պատմում է ահազանգողը։
Նոր օրենք ասելով՝ քաղաքացիները նկատի ունեն, որ այսուհետեւ հնարավոր է վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար քննությունը վերահանձնել նաեւ բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։ Օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության մայիսի 15-ի նիստում։
Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝
հաջորդ օրը՝ 45.000 ՀՀ դրամ վճարի դիմաց,
երրորդ օրը՝ 30.000 ՀՀ դրամ վճարի դիմաց: