Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:00 03-09-2025

Միայն էլեկտրոնային ստորագրությամբ. դատարան դիմելու գործընթացն ավելի է բարդացվում

Բազմաթիվ իրավապաշտպան, հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ են ահազանգում Oragir.News, բողոքելով, որ վարչական դատարան դիմելու կարգում սահմանված նոր պահանջի պատճառով քաղաքացին զրկվել է վարչական դատարան թղթային եղանակով դիմում, բողոք, հայց, միջնորդություն ներկայացնելու իրավունքից, քանի որ դատարանը բոլոր փաստաթղթերն ընդունում է միայն էլեկտրոնային տարբերակով, այն էլ՝ էլեկտրոնային ստորագրությամբ։

Oragir.News-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեյանն ընդգծեց, որ վարչական դատարան դիմելու նոր սահմանափակումները խաթարում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները և լրացուցիչ խոչընդոտներ ստեղծում։

«Սկսենք նրանից, որ որոշ պնդումներով՝ դատական համակարգը փորձում է թեթևացնել իր ծանրաբեռնվածությունը, և դրա համար տարբեր արհեստական խոչընդոտներ են առաջ քաշվում։ Նախկինում ֆիզիկական անձինք վարչական հայցերի դեպքում ազատված էին պետական տուրքի վճարումից, սակայն հետագայում այդ արտոնությունը վերացվեց։ Այժմ ֆիզիկական անձինք պարտավոր են վճարել պետական տուրք, ինչի պատճառով շատերը հրաժարվում են դատարան դիմելուց։ Ավելին, մարդիկ նաև վստահություն չունեն դատական իշխանության նկատմամբ և չեն ցանկանում հավելյալ գումար ծախսել»,- ասաց Քեյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում նոր խնդիր է առաջացել վարչական հայցերն ու բողոքները բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պահանջի հետ կապված։

«Իրականում օրենսդրական պարտադիր նորմ չկա, որը ֆիզիկական անձին զրկում է թղթային եղանակով դիմում ներկայացնելու իրավունքից։ Սակայն դատական համակարգի կողմից փորձ է արվում պարտադրել, որ հայցերն ու բողոքները ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով։ Սա լուրջ խոչընդոտ է ստեղծում թե՛ քաղաքացիների, թե՛ նրանց ներկայացուցիչ փաստաբանների համար»,- նշեց նա։

Քեյանի խոսքով՝ հատկապես փաստաբանները բախվում են մի շարք տեխնիկական խնդիրների․

«Իրավաբանը չի կարող պարզապես լիազորագրով ներկայացնել դիմումը․ անհրաժեշտ է նոտարական լիազորագիր, իսկ եթե փորձի էլեկտրոնային եղանակով ներկայացնել, ապա ֆիզիկական անձը պետք է ունենա գեներացված էլեկտրոնային ստորագրություն։ Սա մեծ դժվարություն է ստեղծում և՛ փաստաբանի, և՛ քաղաքացիների համար»։

Կազմակերպության համահիմնադիրը հավելեց, որ այս հարցով իրենց հիմնականում դիմում են ոչ միայն շարքային վարորդներն, այլև փաստաբանները․

«Քաղաքացիները հիմնականում փաստաբանների միջոցով են դիմում դատարան։ Հենց փաստաբաններն էլ ահազանգում են, որ այս համակարգը խոչընդոտում է իրենց աշխատանքին։ Թեև՝ թվով շատ փաստաբաններ չեն դիմել՝ մոտ 5-6 հոգի, բայց նրանք ներկայացնում են հարյուրավոր քաղաքացիների շահերը»։

Քեյանի խոսքով՝ դատական իշխանությունը պետք է զերծ մնա նման պարտադրանքներից և արհեստական խոչընդոտներ չստեղծի մարդկանց սահմանադրական իրավունքներն իրացնելու համար։

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն իրականացվում են թվային կառավարման բարեփոխումներ։ Սակայն փորձագետները պնդում են՝ անցումը պետք է լինի աստիճանական և չպետք է վերացնի քաղաքացիների սահմանադրական իրավունքները։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին