«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւանի քաղաքային իշխանությունները եւ Կառավարության ներկայացուցիչները ներկա գտնվեցին Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը։
Այս շինարարության համար Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 4 մլրդ 750 մլն դրամ, որը ներառում է 1-ին եւ 2-րդ փուլի աշխատանքները։
Թվում է, թե այո, բացասական ոչինչ չկա, մարզադպրոց է նորոգվում. սակայն հետաքրքիրը ոչ թե հենց մարզադպրոցն է, այլ այն, թե որն է դրա կառուցապատող ընկերությունը։
Պարզվում է՝ 4 մլրդ 750 մլն դրամի պայմանագիրը կնքվել է «Զովեր քնսթրաքշն» ՍՊ ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ։
«Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ կապվող անձինք 2023 թվականի հուլիսի 31-ին կլորիկ գումարներ են նվիրաբերել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած՝ Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի դրամահավաք-երեկոյին
«Զովեր քնսթրաքշնի» հետ փոխկապակցված «Զովեր սթաֆֆ» ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Նույնքան նվիրատվություն է կատարել նաեւ «Զովեր քնսթրաքշն» ընկերության տնօրեն Արմեն Ղազարյանը։
Այսինքն՝ կառուցապատման շինարարական մրցույթները շահած ընկերությունները, որոնք երկար ժամանակ կառուցում, ժամկետներ են խախտում եւ մնում անպատիժ, պատահական ընկերություններ չեն։
Հրապարակ օրաթերթը գրում է. «Հրապարակի» տեղեկություններով` շաբաթ օրը տեղի է ունեցել Իջեւանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանի դստեր` Մելանյա Ճաղարյանի հարսանյաց արարողությունը: Մեր աղբյուրի խոսքով` հարսանիքին ներկա են եղել նաեւ վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Հարսանիքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում գործող «Հատիս» ռեստորանում:
Ըստ մեր աղբյուրի` վարչապետի անվտանգությունը ներկաներին անխտիր զննության է ենթարկել, ստուգել, որ հանկարծ զենք, անգամ կտրող-ծակող գործիքներ չլինեն հյուրերի մոտ: Ի դեպ, բոլոր այն հարսանիքներին, կնունք-ծնունդներին, որտեղ ներկա է լինում Փաշինյանը, նրա անվտանգությունն անխտիր ներկաներին քննության է ենթարկում:
Մեր աղբյուրը պատմեց, որ հարսանիքին ներկա է եղել մոտ 300 անձ, նրանց թվում՝ Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը, նրա եղբայրը` Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը: Որքան էլ որ զարմանալի թվա, հարսանիքին ներկա է եղել նաեւ Իջեւանի նախկին քաղաքապետ՝ ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, որն ընդդիմադիր հայացքներ ուներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բանակցություններ է սկսել քաղբանտարկյալ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, խմբակցության անդամները նախօրեին այցելել են ԱԱԾ մեկուսարան՝ Սրբազանին տեսակցելու, համոզելու համար, որ նա դառնա վարչապետի իրենց թեկնածուն,
որպեսզի խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի Սրբազանի թեկնածությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց ճշտել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից. «Այո՛, իսկապես, օրերս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եւ Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք ԱԱԾ մեկուսարանի այն խուցը, որտեղ ապօրինի քրեական գործով պահվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Բավականին երկար զրուցել ենք, ամենատարբեր թեմաներով: Այդ հարցին, սակայն, անդրադարձ չենք կատարել:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ, այո՛, խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկել է, որ միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը, որին հաջորդել էր Սրբազանի հայտարարությունը՝ չշրջանառել իր անունը որպես վարչապետի թեկնածու: Այլ զարգացումներ այս մասով չկան: Կարող եմ միայն ասել, որ մեծ բավականություն ստացանք Սրբազանի հետ շփումից, իր ամրությունը, կամքն ու իմաստությունն իրոք ոգեւորող է: Հուսամ՝ ուսուցողական էր նաեւ խցում գաղտնալսում իրականացնող ուժային կառույցի ներկայացուցիչների համար», – «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց պատգամավորը»։