copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:05 23-08-2025

Օգոստոսի 23-ի քաղաքական նշանակությունը   

1990-ի օգոստոսի 23-ին ընդունվեց 12 կետերից կազմված Հռչակագիր Հայաստանի անկախության գործընթաց սկսելու մասին:

Այս շրջանում բախտակից բազմաթիվ երկրներ արդեն հռչակվել էին անկախ։ Այս առումով՝ հռչակագիրը 1 տարով հետաձգեց Հայաստանի անկախացումը։ Ժամանակակիցների վկայությամբ՝ ՀՀՇ-ն ժամանակ էր ձգում։ ՀՀ-ն իրապես անկախ հռչակվեց 1991-ի Սեպտեմբերի 21-ին։ Այնինչ՝ կարող էր անկախանալ արդեն 1990-ի օգոստոսի 23-ին, ինչպես պահանջում էին անկախականները, քանի որ ձգձումը անվտանգային, աղետալի ռիսկեր է առաջացնելու, գցելու էր հայ ժողովրդի վարկն աշխարհում, ռուս զավթիչների համար ռևանշի դուռ էր բացելու։

Փաստաթղթի նախաբանում ասվում էր, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

Հռչակագրի 1-ին կետով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և հիմնը: 2-րդ կետն ասում էր, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է։ 4-րդով նշվում էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ 5-րդ կետում ասվում էր, թե Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ 9-րդ կետով՝ Հայաստանն իր տարածքում ապահովում էր խոսքի, մամուլի, խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում: 11-րդ կետում Հայաստանը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Վերջին՝ 12-րդ կետն ասում էր, որ այս փաստաթուղթը հիմք է ծառայում Սահմանադրության մշակման, իսկ գործող Սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար: Այս առումով՝ Անկախության հռչակագիրը կատարում էր Սահմանադրության գործառույթ։

1991-ի Սեպտեմբերի 21-ին անցակցված հանրաքվեն արդեն հակասեց Օգոստոսի 23-ի նախաբանին, քանի որ Արցախում ընտրական տեղամասեր չբացվեցին, Արցախը չմասնակցեց Սեպտեմբերի 21-ի հանրաքվեին։ Այսինքն՝ հաշվի չառան Հայաստանի և Ղարաբաղի միավորման մասին Դեկտեմբերի 1-ի որոշումը։ Հետագայում խախտվեց նաև 5-րդ կետը՝ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների պաշտպանությունը հանձնվեց ռուսներին։ Որոշ առումով խախտվեց նաև 6-րդ կետը, ՀՀ-ն անկախ արտաքին քաղաքականություն չէր վարում, այլ վարվում էր ռուսների թելադրանքով։

Կարճ ասած՝ Օգոստոսի 23-ը մեր պետության ակյունաքարն է։ Այս փաստաթղթում առաջին անգամ Հայաստանն անկախացնելու կամք է դրսևորվել, ցույց է տրվել, որ հայ ժողովուրդը ձգտում է անկախության, պետություն ունենալու, ազգ դառնալու։ Հռչակագիրն, ըստ էության՝ խորհրդանշական բնույթ է կրել։ Բայց քանի որ ներառված է ՀՀ սահմանադրության նախաբանում, ունի հիմնարար նշանակություն։ Եվ այդպես էլ կշարունակվի, քանի դեռ չի փոփոխվել Սահմանադրության նախաբանը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից