copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:00 21-08-2025

Պարտության ուղին. «ոչ խաղաղության» ճամբարի առաջատարը հայտնի է

Ուշագրավ հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ քաղաքացիներն առաջիկա ընտրություններում պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև»,- Կառավարության՝ օգոստոսի 21-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։

Այսպիսով՝ նախկին-ներկա կեղծ ու մաշված երկընտրանքի դարաշրջանը փակվում է, և սկսվում է «Խաղաղությու՞ն, թե՞ ոչ խաղաղություն» նոր մրցակցությունը։ Սակայն սա տրամաբանորեն հակասում է Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե «մեր քաղաքացիները գոհունակությամբ են ընդունել խաղաղության համաձայնագրի տեքստը»։ Եթե քաղաքացիները գոհ են, ապա ո՞ր անհաշվենկատ գործիչը «ոչ խաղաղություն» դրոշով կմասնակցի ընտրություններին։

Ոչ խաղաղությունն այն իրավիճակն է, երբ պատերազմը փաստացի ավարտվել է, բայց խաղաղություն դեռ չկա, խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, երկրների միջև կան թեմաներ, որոնք կարող են հանգեցնել բախման, կան չբարեկամներ, որոնք հայ ժողովրդի ազատության դեմ են։

Ողջամիտ դիտորդը ներկա իրավիճակը կարող է որակել «ոչ խաղաղություն», քանի որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի 200 կմ/ք տարածքը զավթել է, բազմաթիվ հայ գերիներ կան, ռուսական զորքերն ինքնագլուխ են, ինչ ուզում՝ անում են ՀՀ-ում, չբարեկամը պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման։ Սրանից զատ՝ ԱԺ նախագահի պնդմամբ՝ Մոսկվան ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։

Գյումրիի ընտրություններից առաջ Փաշինյանը մրցակիցներին, առանց բացառության՝ որակեց «գող, թալանչի»։ Ենթադրելի է, որ հիմա էլ բոլորն, ովքեր կքննադատեն Փաշինյանին, կորակվեն «ոչ խաղաղության» ջագտագով։ Կապ չունի, թե քննադատության թիրախում ինչ թեմա կլինի։ Փաշինյանին դեմ խոսողները միանգամից կորակվեն «ոչ խաղաղության» ջատագով, հակաթրամփյան, հակաամերիկյան, հակաքաղաքակրթական, ռուսական, կրեմլյան գործակալ, որոնք, իբր՝ չեն ուզում, որ աշխարհին խաղաղություն լինի, խաղաղություն չուզողներ են։

Այսպիսով՝ կարծես՝ խաղաքարտերը բաց են։ Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ մտադիր է ժողովրդի մի մասին մեղադրել խաղաղությանը դեմ լինելու մեջ։ Նկատենք, որ խաղաղության դեմ հանդես եկողներին հալածելը, ճնշելը, ազատազրկելը, արտաքսելը լեգիտիմ է ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ երկրներում։

Կա նաև հակառակ կարծիք, թե «ոչ խաղաղության» ճամբարում առաջին հերթին Նիկոլ Փաշինյանն է։ Նա աղետալի պատերազմի, պարտության խորհրդանիշն է։ Միջազգային հեղինակավոր կենտրոններն ամեն տարի կանխատեսում են Հայաստանի դեմ ագրեսիա, որը հասունացել է ֆորպոստի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սխալների պատճառով։ Եթե նա չի ուղղել այդ սխալներն ու վարում է նույն ուղեգիծն, ապա ՀՀ-ի դեմ կանխատեսելի ագրեսիայի ռիսկը պահպանվում է։

Այսինքն՝ խաղաղության և ոչ խաղաղության երկընտրանքը Փաշինյանի դեմ է, նպաստելու է նրա պարտությանը։ Խաղաղության համաձայնագրի տեքստը գոհունակությամբ ընդունած քաղաքացիները Փաշինյանին ձայն չեն տա, քանի որ նրա սխալ կուրսի պատճառով երկիրը կարող է ներքաշվել նոր պատերազմի, պարտության, խայտառակության մեջ։ Նրան չեն ընտրի, քանի որ իրավացիորեն կկարծեն, թե Փաշինյանը «ոչ խաղաղության» ճամբարում է։

Կարճ ասած՝ Փաշինյանին ընտրողն ընտրելու է ոչ խաղաղությունը։ Այսինքն՝ եթե 2026-ին Փաշինյանը հաղթի, ապա ոչ խաղաղությունը կշարունակվի, անցանկալի հետևանքներով հանդերձ։ Իսկ եթե պարտվի, ապա կասեն, որ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը։ Առավել ակտիվ ընդդիմադիրների կարգախոսն էլ կարող է լինել՝ «Մերժիր Նիկոլին, ընտրիր խաղաղությունը»։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից