Հրապարակ օրաթերթը գրում է. Իշխող թիմում շատերն են անակնկալի եկել Արսեն Թորոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ գործադիր՝ սոցապնախարարի պաշտոն տեղափոխվելու փաստից։ Խոսքը հատկապես ՔՊ վերին էշելոնի «նեղ կռուգի» մասին է, որտեղ գիտեին, թե ինչպես է Փաշինյանը Թորոսյանին գործադիրից ճամփել։
Հայտնի է, որ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանը նրան վարչապետի աշխատակազմի ղեկավար էր նշանակել, սակայն նրա աշխատանքից այնքան է դժգոհ եղել, որ ազատելիս գրեթե բառացի սպառնացել է․ «Դու այլեւս գործադիրում պաշտոն չես զբաղեցնելու»։
Դրանից հետո տեւական ժամանակ քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների աղմկահարույց գործով անցնող Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանի «սեւ ցուցակում» էր, բայց, ըստ ամենայնի, կարողացել է վերականգնել վստահությունը, քանի որ կուրորեն եւ անձնուրաց ծառայում է Փաշինյանին եւ հատկապես վերջին մեկ տարում ամենակեղտոտ հայտարարությունների առաջամարտիկն է, ռեկորդակիրը, թելում է Փաշինյանի ասեղը թե՛ հակաարցախյան, թե՛ հակաեկեղեցական, առհասարակ՝ բոլոր հարցերում։
Իշխող թիմում կարծում են, որ Փաշինյանը Թորոսյանի նշանակումով հետեւյալ ուղերձն է փոխանցում իրենց՝ ով անմնացորդ ծառայի, պաշտոն կունենա, եւ կներվեն բոլոր մեղքերը։ Սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն էլ գործուղվում է ԱՄՆ՝ դեսպանի կարգավիճակով։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանն էլ տարածքներ ունի Հայաստանի վերահսկողության ներքո։ «Ասելիս, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ կան, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, և փոխադարձ այս հարցը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում»,-նշել է նա:
Այս թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Փաշինյանը ՀՀ կյանքի ճանապարհները տրամադրելու է Ադրբեջանին. «Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն պատրաստվում է ադրբեջանական անկլավները՝ Տավուշում և Արարատի մարզում (Քյարքի) տրամադրել Բաքվին, այսինքն՝ հայվրացական և հայ-իրանական ճանապարհների նկատմամբ հսկողությունը, այդ թվում՝ կրակային, անցնելու է Բաքվին, և ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է սադրանքներ հրահրել և փակել հայ-վրացական և հայ-իրանական՝ Երևանի համար կարևորագույն ճանապարհները»։ Ըստ հեղինակների, Փաշինյանն ու ՔՊ-ն «Թրամփի ուղիով», որը դե-ֆակտո «Զանգեզուրի միջանցք» է, Սյունիքի բանալիները տրամադրում է ԱՄՆ-ին և թուրք-ադրբեջանական տանդեմին։ «Սյունիքը հայտնվելու է շրջապատված ամրոցի կարգավիճակում, երկու կողմերից՝ Նախիջևան և օկուպացված Արցախ, Սյունիքը շրջապատված է լինելու ադրբեջանական դիրքերով և խրամատներով, դրան զուգահեռ՝ փաշինյանական դիլետանտ քաղաքականության արդյունքում Սյունիքը նաև կտրվում է Իրանից՝ «Թրամփի ուղի» կոչվող պանթուրքական լոգիստիկայով»,-նշում են հեղինակները։
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ նշում է, որ Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի հարցը իրատեսական չէ: Եվ, առհասարակ, նրա կարծիքով, փախստականների վերադարձի օրակարգից խոսելը վտանգավոր է, որը կվնասի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։
«Փաշինյանն ընդմիշտ փակեց արցախյան հարցը՝ արցախցիներին դարձնելով անտուն և փախստական։ Փաշինյանը հստակ մեսիջ է հղում թուրք-ադրբեջանական տանդեմին և Արևմուտքին. քանի դեռ նա է Երևանում իշխանության, Արցախյան հարցը մնալու է փակ, իսկ արցախցիներն աստիճանաբար արտագաղթելու են ՀՀ-ից՝ չունենալով աշխատանք և սոցիալական նորմալ պայմաններ։ Փաշինյանն ու ՔՊ-ն 2018 թվականին հատուկ օպերացիայի միջոցով, որն անվանվեց «թավշյա հեղափոխություն», բերվեցին իշխանության Արցախը հանձնելու, հայ-ռուսական կապերը խզելու և ՀՀ-ն դեպի Արևմուտք և ՆԱՏՕ տանելու համար, ինչն էլ նա և նրա հարստացող խմբակն ամեն օր կյանքի են կոչում՝ ՀՀ քաղաքացիների անտարբերության, պասիվության և ընդդիմության թուլության արդյունքում»,- գրում է ալիքն ու հավելում, որ եթե ընդդիմությունն ու հայ ազգի առողջ հատվածը չկարողանան հեռացնել Փաշինյանին և թիմին, ապա ՀՀ-ն դե-ֆակտո վերածվելու է «Արևմտյան Ադրբեջանի», իսկ Փաշինյանը վերարտադրվելու է նաև 2026 թ. ընտրություններով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Միքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թվականին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել։
2023 թվականին Արմինե Մելիքսեթյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։
2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի համաձայն՝ դատավոր Մելիքսեթյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 3 հողամաս։ Տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ ավտոկայանատեղի։ Բնակարանն արժեցել է 31 մլն 791 հազար դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 2,5 մլն դրամ։ Գնումն իրականացվել է «ՄԼ Մայնինգ»-ից։
Արդյունքում, տարեվերջի դրությամբ, դատավոր Մելիքսեթյանը ունի 6 անշարժ գույք։
Տրանսպորտային միջոցներ դատավորը չի հայտարարագրել, սակայն ունի մեկ Toyota մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզեց, որ դատավորի կանխիկ դրամական միջոցը կազմում է 4 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 902 հազար դրամ, որից 13 մլն 856 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից։
Մելիքսեթյանը դասավանդում է նաեւ Երեւանի Գլաձոր համալսարանում եւ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում, որտեղից ստացել է գրեթե 480 հազար դրամ։ Իսկ ՀՀ ՊԵԿ-ից ստացված 2 մլն 560 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է՝ հիփոթեքով գնած բնակարանի մայր գումարը մարելու համար։
Մելիքսեթյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 245 հազար դրամ, որն էլ հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է»։
Հրապարակ օրաթերթը գրում է․ Ավարտվեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայաստանյան այցը, սակայն իրանական կողմի դիվանագիտական, զգուշավոր հայտարարություններից պարզ է դառնում, որ «Թրամփի ուղու» վերաբերյալ նրանց մտահոգությունները մնում են չփարատված։
Վաշինգտոնյան համաձայնագրի կնքումից հետո պաշտոնական Թեհրանից դժգոհության նոտաներ էին հնչում, պարզաբանումների պահանջ՝ արդյոք խախտվո՞ւմ է հայ-իրանական սահմանը, եւ աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություն է կատարվում, ինչն Իրանի համար կարմիր գիծ է։ Հենց այս մտահոգությունները փարատելու նպատակով էլ օգոստոսի 18-ին Հայաստան ժամանեց Իրանի նախագահ Փեզեշքիանը՝ չվստահելով Նիկոլ Փաշինյանի եւ իշխանականների բանավոր հավաստիացումներին, որ «Թրամփի ուղին» չի խախտելու ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը։
Հայաստանի ու Իրանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպումներից ու բանակցություններից հետո էլ Իրանի նախագահի մտահոգությունները կարծես թե փարատված չեն: Մասուդ Փեզեշքիանը երեկ դեռ Երեւանում էր, որ X-ում գրեց․ «Մեր համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի»:
Փաշինյանի հետ հանդիպմանն էլ նա հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, եւ այդ խնդիրների ցանկացած փոխանցում երրորդ ուժերին միայն կբարդացնի իրավիճակը։ «Իրանը դեմ է, որ տարածաշրջանի հարցերն արտապատվիրակվեն տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին։ Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան, խնդիրների արտապատվիրակումը կբարդացնի իրավիճակը»,- ասել է Փեզեշքիանը։
Երկու երկրների կառավարությունները տնտեսական, առեւտրային, կրթական, առողջապահական ու այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու, ավելի սերտ դարձնելու փաստաթղթեր ստորագրեցին:
Երկուսն էլ շահագրգիռ են, որ հարաբերությունները հասնեն ռազմավարական մակարդակի, սակայն քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ ՝դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին եւ չանդրադարձան անվտանգության ու կայունության հարցերին։
Նրա համոզմամբ՝ Իրանը շարունակում է զգուշավոր վերաբերվել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ դրանք դիտարկելով որպես սպառնալիք իր անվտանգությանը։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի կարծիքով էլ Հայաստանի եւ Իրանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպման արդյունքում մի շարք կարեւոր տնտեսական ու քաղաքական հայտարարություններ արվեցին, որոնք ակնհայտորեն հակասում են «Թրամփի ուղուն:
«Եթե ՀՀ տարածքով անցնող ճանապարհները գտնվելու են ՀՀ իրավասության տակ, ինչ,ը անկասկած, շատ լավ է, ՀՀ սահմանի վրա գործելու է ԵԱՏՄ օրենսդրությունը, նշանակում է՝ կա՛մ Թրամփն այդ ճանապարհից կօգտվի Մոսկվայի հետ համատեղ Իրանի համաձայնությամբ, կա՛մ ընդհանրապես չի օգտվի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանի գովքն անող, նրա հետ լուսադեմին հեծանիվ քշող, Փաշինյանի բոլոր թեզերը ինքնամոռաց պաշտպանող ՔՊ-ական Արսեն Թորոսյանի ջանքերն արդյունք տվեցին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցեցին, որ Փաշինյանը որոշել է նրան կրկին գործադիր մարմին ուղարկել՝ այս անգամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում:
ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում երեկ թեժ քննարկվել է այս նշանակումը:
Բանն այն է, որ Թորոսյանը ՔՊ-ում գրեթե համախոհ չունի, իսկ խորհրդարանում այդպես էլ իրական գործընկեր չունեցավ, աշխատասենյակն էլ մի անկյունում լքված պատժախցի նման մի տեղ էր: Ակնհայտ նկատելի էր, որ Արսեն Թորոսյանի հետ քչերն էին շփվում կամ չէին շփվում:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Արսեն Թորոսյանն անգամ ճաշարանում գրեթե միշտ միայնակ էր սնվում:
Մեր աղբյուրները փոխանցեցին, որ երեկ ՔՊ-ում շոկի մեջ էին, թե կոռուպցիոն տարաբնույթ կասկածներ իր շուրջ հյուսած Թորոսյանը ինչպես կարողացավ նորից Նիկոլ Փաշինյանի վստահությունը շահել այն դեպքում, երբ նրան, կարելի է ասել, սկանդալային ձեւով Փաշինյանը հեռացրել էր Կառավարության կազմից»։
Հրապարակ օրաթերթը գրում է . «Իմնեմնիմի» փոդքասթի «Ով ում է դոմփում ՔՊ-ում» վերնագրով հաղորդումը, պարզվում է՝ բուռն կրքեր է բորբոքել իշխանական թիմում։ Որոշների անձնական կապերի մասին բացահայտումը շոկահարել է Նիկոլ Փաշինյանին։ Մեր աղբյուրներն ասում են, որ հատկապես ծանր է տարել ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանի մասին դրվագը, որը ՔՊ-ական պատգամավոր եւ կուսակցության աշխատակազմի ղեկավար լինելուց զատ Փաշինյանի «աչքն ու ականջն» էր խորհրդարանում, ՔՊ վարչության նիստերին հաճախ հենց Մանավազյանն է դիմավորում Փաշինյանին եւ նստում նրա կողքին, նա երկար տարիներ եղել է Փաշինյանի խմբագրած թերթի հաշվապահը, հեղափոխությունից հետո՝ նաեւ նրանց ընտանեկան «կասիրը», որի միջոցով են իրականացնում ֆինանսական շարժերը։
Ըստ հաղորդման վարողների՝ Մանավազյանը սիրային կապի մեջ է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ, որը Մանավազյանի նախկին ամուսնու մանկության ընկերն է, այդ պատճառով էլ բաժանվել է ամուսնուց։
ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի համար դա շոկային նորություն է եղել, անչափ ծանր է տարել, որ իր վստահելի մարդն ազնիվ չի գտնվել եւ չի ասել իր կապի մասին, իսկ ինքն ամիսներ առաջ Պետրոսյանին նշանակել է ՍԱՏՄ ղեկավար։
Փաշինյանն այնքան է զայրացել, որ Մանավազյանին փոխանցել է՝ այլեւս չի ուզում նրան տեսնել։ Ի դեպ, ՔՊ վարչության նախօրեի նիստին Մանավազյանը ներկա չէր, ինչպես լինում է միշտ։ Իհարկե, չենք բացառում, որ մեզ հերքելու համար հաջորդ նիստին Փաշինյանը կրկին նստեցնի իր կողքին, սակայն փաստն այն է, որ երբեմնի ակտիվ, ընդդիմության դեմ հայտարարություններ ու գրառումներ անող պատգամավորուհին վերջին շաբաթներին ընդհատակ է անցել։ Ավելին, իշխող թիմում վստահ են, որ բոլոր այն ՔՊ-ականները, որոնց անդրադարձել են այդ հաղորդմանը, ՔՊ ցուցակում չեն լինելու կամ էլ բարձր պաշտոնների չեն նշանակվելու։