copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:30 21-08-2025

Իրանի կասկածները չփարատվեցին. Հրապարակ

Ավարտվեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայաստանյան այցը, սակայն իրանական կողմի դիվանագիտական, զգուշավոր հայտարարություններից պարզ է դառնում, որ «Թրամփի ուղու» վերաբերյալ նրանց մտահոգությունները մնում են չփարատված։

Վաշինգտոնյան համաձայնագրի կնքումից հետո պաշտոնական Թեհրանից դժգոհության նոտաներ էին հնչում, պարզաբանումների պահանջ՝ արդյոք խախտվո՞ւմ է հայ-իրանական սահմանը, եւ աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխություն է կատարվում, ինչն Իրանի համար կարմիր գիծ է։ Հենց այս մտահոգությունները փարատելու նպատակով էլ օգոստոսի 18-ին Հայաստան ժամանեց Իրանի նախագահ Փեզեշքիանը՝ չվստահելով Նիկոլ Փաշինյանի եւ իշխանականների բանավոր հավաստիացումներին, որ «Թրամփի ուղին» չի խախտելու ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի ու Իրանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպումներից ու բանակցություններից հետո էլ Իրանի նախագահի մտահոգությունները կարծես թե փարատված չեն: Մասուդ Փեզեշքիանը երեկ դեռ Երեւանում էր, որ X-ում գրեց․ «Մեր համատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի»:

Փաշինյանի հետ հանդիպմանն էլ նա հայտարարել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից, եւ այդ խնդիրների ցանկացած փոխանցում երրորդ ուժերին միայն կբարդացնի իրավիճակը։ «Իրանը դեմ է, որ տարածաշրջանի հարցերն արտապատվիրակվեն տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին։ Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան, խնդիրների արտապատվիրակումը կբարդացնի իրավիճակը»,- ասել է Փեզեշքիանը։

Երկու երկրների կառավարությունները տնտեսական, առեւտրային, կրթական, առողջապահական ու այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու, ավելի սերտ դարձնելու փաստաթղթեր ստորագրեցին:

Երկուսն էլ շահագրգիռ են, որ հարաբերությունները հասնեն ռազմավարական մակարդակի, սակայն քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ ՝դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին եւ չանդրադարձան անվտանգության ու կայունության հարցերին։

Նրա համոզմամբ՝ Իրանը շարունակում է զգուշավոր վերաբերվել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ դրանք դիտարկելով որպես սպառնալիք իր անվտանգությանը։
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի կարծիքով էլ Հայաստանի եւ Իրանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպման արդյունքում մի շարք կարեւոր տնտեսական ու քաղաքական հայտարարություններ արվեցին, որոնք ակնհայտորեն հակասում են «Թրամփի ուղուն:

«Եթե ՀՀ տարածքով անցնող ճանապարհները գտնվելու են ՀՀ իրավասության տակ, ինչ,ը անկասկած, շատ լավ է, ՀՀ սահմանի վրա գործելու է ԵԱՏՄ օրենսդրությունը, նշանակում է՝ կա՛մ Թրամփն այդ ճանապարհից կօգտվի Մոսկվայի հետ համատեղ Իրանի համաձայնությամբ, կա՛մ ընդհանրապես չի օգտվի»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում