Հայ դավաճանների շարքի հերթական հրապարակումը նվիրված է Պետրոս Գետադարձ կաթողիկոսին, որի դավաճանության հետևանքով Անի մայրաքաղաքը հանձնվեց բյուզանդացիներին։
Հայոց պատմության ամենաբարդ ժամանակներից էր 11-րդ դարաշրջանը: Դա Բագրատունյաց թագավորության ճգնաժամի և անկման ժամանակաշրջանն էր: Այդ նույն շրջանում Հայոց կաթողիկոսն էր Պետրոս Ա Գետադարձը, (3) ով պատմության մեջ մնաց իր դավաճանական և օտարին ծառայելու քայլերով։ 1020 թվականին Գագիկ Ա-ի մահից հետո գահակալության շուրջ պայքար ծագեց նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև։
Պետրոսը կողմնակից եղավ Հովհաննես-Սմբատին։ 1021 թվականին կաթողիկոսի և իշխանական միջնորդության արդյունքում
ձեռք բերվեց համաձայնություն՝ Հայաստանը և նրա կառավարումը բաժանելու երկու մասի: Անին և նրա շրջակայքը հանձնվեց Հովհաննես-Սմբատին, իսկ մնացած տարածքները՝ Աշոտ Դ-ին։ 1022 թ․ բյուզանդական ներխուժման վտանգի պայմաններում, Պետրոսը Տրապիզոնում Վասիլ 2-րդ կայսեր հետ կնքեց համաձայնագիր: Ըստ համաձայնագրի Հովհաննես-Սմբատի մահից հետո Անիի թագավորությունը պետք է անցներ Բյուզանդիային։ Այս հայտնի կտակը խորը դժգոհություն առաջացրեց Անիում, ինչի պատճառով կաթողիկոսը ժամանակավորապես տեղափոխվեց Սեբաստիա՝ վերադառնալով միայն 1026-ին։1031 թվականին Պետրոսի բյուզանդամետ դիրքորոշումը կրկին բողոք հարուցեց։ Նա ստիպված ապաստան գտավ Վասպուրականի Ձորավանքում։
1037 թվականին Հովհաննես-Սմբատը նրան կանչեց և բանտարկեց Բջնու ամրոցում: Սակայն որոշ ժամանակ անց, Պետրոսի կողմնակիցները, Աղվանից կաթողիկոս Հովսեփի գլխավորությամբ, գումարեցին ժողով և 1039 թ․ վերականգնեցին նրա իշխանությունը: 1042 թ․ Պետրոս Ա-ն Անիում թագավոր օծեց Գագիկ Բ-ին՝ Հովհաննես-Սմբատի որդուն։ Հավատարիմ մնալով Հովհաննես-Սմբատի կտակին՝ 1045 թ․ Պետրոսը, իշխան Վեստ Սարգսի հետ համագործակցելով, համոզեց Գագիկ Բ-ին մեկնել Կոստանդնուպոլիս և հանձնել Անիի բանալիները կայսրին։
Այս քայլով կաթողիկոսը ցանկանում էր ամրապնդել իր իշխանությունը Բյուզանդիայի աջակցությամբ։ Սակայն կայսրությունը, որ նպատակ ուներ ոչ միայն նվաճել Հայաստանը, այլև վերացնել Հայ եկեղեցու ինքնուրույնությունը, կտրուկ փոխեց վերաբերմունքը նրա հանդեպ։ 1046 թ․ վերջերին Պետրոս Ա Գետադարձը հարկադրված հեռացավ Անիից և տեղափոխվեց Արծն։ 1047 թ․ ձերբակալվեց, բայց շուտով ազատ արձակվեց։ 1049 թ․ Կոստանդնուպոլիս մեկնելուց առաջ Անիում փոխանորդ թողեց Խաչիկ Բ Անեցուն։ Մինչև կյանքի ավարտը՝ 1058 թվականը, նա ապրեց Սեբաստիայում՝ այսպես կոչված պատվավոր աքսորի պայմաններում։ Ահա այսպես, Պետրոս Ա Գետադարձը պատմության մեջ մնաց որպես Անիի անկման մեջ մասնակցություն ունեցած հայ:
Մանրամասները՝ տեսանյութում․