copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:13 30-06-2025

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում:

«Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային իրավիճակը:

Ձեր ելույթում նշեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունների շրջանակում գրանցված առաջընթացի մասին, եւ, իսկապես, մեր երկու երկրներն այս տարվա սկզբին հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը պատրաստ է, եւ Հայաստանն առաջարկել է սկսել քննարկումներ դրա ստորագրման օրվա եւ վայրի վերաբերյալ:

Համաձայն եմ այն գնահատականի հետ, որ անհրաժեշտ է օգտագործել հնարավորության պատուհանը՝ ստորագրելու եւ վավերացնելու այդ համաձայնագիրը, ինչպես նշվում է Ձեր բանաձեւում եւ ինչպես հենց նոր նշեց ադրբեջանցի իմ գործընկերը:

Հայաստանը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ հաստատել միջպետական հարաբերություններ մեր երկու երկրների միջեւ: Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր: Հայաստանը պատրաստ էր ստորագրել այն երեկ: Դրա համար այլեւս խոչընդոտներ չկան: Կրկնում եմ՝ այլեւս խոչընդոտներ չկան: Եվ մենք չպետք է ծանրաբեռնենք խաղաղության օրակարգը նոր թեմաներով, նոր նախապայմաններով: Պայմանագրի տեքստը կարող է ծառայել որպես ամուր հիմք՝ հարաբերությունների կարգավորման եւ երկխոսության շարունակման համար:

Ակնհայտ է, որ կան մի շարք բաց հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ակնհայտ է, որ երեք տասնամյակ տեւած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք: Ես կարծում եմ՝ մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացումը համաձայնագրի ստորագրման ու վավերացման միջոցով, ամենակարեւոր նախապայմանն է երկխոսություն եւ վստահություն կառուցելու համար:

Ներկայիս աշխարհաքաղաքական խառնաշփոթի եւ ճգնաժամի պայմաններում, եւ երբ մենք նշում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը, մենք լավ նորությունների եւ հաջողության պատմությունների կարիք ունենք: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել այդպիսի հաջողության պատմություն: Շնորհակալություն»,- ելույթում նշել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ