Ներքին 1 տարի առաջ - 21:00 12-04-2025

Արամ Սիմոնյան․ ռեկտորը, գիտնականը, մարդը

Այսօր ԵՊՀ նախկին ռեկտոր, երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 70 տարեկան։

Oragir.News-ը Արամ Սիմոնյանի 70-ամյակի կապակցությամբ ներկայացնում է «Արամ Սիմոնյան․ ռեկտորը, գիտնականը, մարդը» ֆիլմը, որում ներկայացված են երջանկահիշատակ ռեկտորի ընտանքի անդամների, ընկերների, հարազատների ու նախկին գործընկերների հիշողությունները, որոնք մինչև այժմ քչերին էին հայտնի։


Սիմոնյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 12-ին՝ Գորիսում: 1961 թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1972 թ. ավարտել է թիվ 19 միջնակարգ դպրոցը, 1977 թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 1981 թ.՝ ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի ԽՍՀՄ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան:

1983 թ. պաշտպանել է թեկնածուական, 2000 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 2005 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2006 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

1981-1986 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի կրտսեր, ապա՝ ավագ գիտաշխատող: 1986-ից աշխատել է ԵՊՀ-ում: 1986-1990 թթ. եղել է ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, 1990-2000 թթ.՝ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, 2000-ից՝ նույն ամբիոնի պրոֆեսոր, 1993-1995 թթ.՝ ԵՊՀ գիտքարտուղար, 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ, 2000-2006 թթ.՝ հումանիտար ֆակուլտետների ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 2006 թ.՝ նաև ռեկտորի պաշտոնակատար: 2006-2019 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր, 2008-ից՝ նաև ՀՀԻ տնօրենը:

Հեղինակ է գիտական և ուսումնամեթոդական ավելի քան 100 աշխատանքների և մի շարք մենագրությունների։ Համահեղինակ և խմբագիրն էր հանրակրթական հիմնական և ավագ դպրոցների, ինչպես նաև բուհական «Հայոց պատմություն» դասագրքերի և ուսումնական բազմաթիվ ձեռնարկների:

2014-2022 թթ. եղել է «Հայագիտության հարցեր» գիտական հանդեսի հիմնադիր գլխավոր խմբագիրը, 2016-2022 թթ՝ Հայաստանի պատմագետների միության նախագահը:

Մասնակցել է միջազգային, միութենական և հանրապետական բազմաթիվ գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է աշխարհի մի շարք երկրների գիտակրթական կենտրոններ, զբաղվել գիտական աշխատանքով, հանդես եկել դասախոսություններով ու զեկուցումներով:

2009 թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

2014 թ. արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

2018 թվականի իշխանափոխությունից հետո Արամ Սիմոնյանը լրջորեն թիրախավորվում է։ Նա դիմակայում է իրեն պաշտոնանկ անելու բազմաթիվ անթույլատրելի գրոհների։ Սակայն ի զորու չի լինում դիմակայել այն շանտաժին, որ մինչև իր ռեկտորության սահմանված ժամկետը՝ 2020 թվականի մայիսը պաշտոնավարումը շարունակելու դեպքում կառավարական հանձնաժողով չի ձևավորվի և Մայր բուհի հոբելյանը չի նշվի։

2019 թվականի մայիսի 23-ին Արամ Սիմոնյանը հայտարարում է ԵՊՀ ռեկտորի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Համալսարանի 100-ամյակի հիմնական միջոցառումները նշվեցին 2019-ի աշնանը, բնականաբար ոչ այնպես, ինչպես ինքն էր պատկերացրում։

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնից հրաժարական տալուց հետո Արամ Սիմոնյանն ամբողջությամբ տրվում է գիտամանկավարժական գործունեությանը Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում։ Մի կարճ ժամանակ նրա կյանքում հանդարտ շրջան է լինում։ Նա ոչ միայն զբաղվում է իր սիրելի գործով՝ հետազոտությամբ, այլև կարողանում է ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին և հարազատներին։ Սակայն հանգիստ շրջանը մեկ տարուց էլ պակաս է տևում։ Քովիդ 19-ի շրջանում նրան տանջում էին հարազատների առողջական խնդիրները, իսկ ամենամեծ հարվածը նրա համար 44-օրյա պատերազմն էր և Արցախի մեծ մասի կորուստը։

Սիմոնյանի հարազատների խոսքով՝ նա այս շրջանում ձգտում էր շատ ցույց չտալ այդ ամենի ազդեցությունն իր առողջության, իր հոգեվիճակի վրա, գոտեպնդում էր բոլոր նրանց, ովքեր միշտ իրեն էին անսացել, ովքեր միշտ իր աջակցությունն էին հայցել, սակայնծանր հարվածները ճնշում էին նյարդերը, քայքայում առանց այն էլ ոչ բարվոք առողջությունը։

Բայց այդքանով հանդերձ ընտանիքում թե շրջապատում, ոչ ոք չէր սպասում վատթարագույնին։ 2022 թ․ հունիսի 8-ի առավոտյան հուժկու կաթվածը կտրում է Արամ Սիմոնյանի կյանքի թելը։ Ի տեր է ննջում հմուտ վարչարար, արդարամիտ մտավորական, մարտնչող սյունեցի, գործով հայրենասեր, անգերազանցելի ծնողասեր, մեծահոգի մարդ Արամ Հրաչիկի Սիմոնյանը, մարդ, ով բարձրացնում, վեհացնում էր դիմացինին։

Մանրամասները՝ տեսանյութում.