copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:04 06-04-2025

Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Գյումրիի ավագանու ընտրություններից հետո, բավականին երկար համբերատար սպասեցի, որպեսզի հետո որևէ մեկը չհանդգնի ինձ մեղադրել՝ բարենպաստ ստատուս-քվոյի ձևավորմանը խանգարելու համար:

Հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որը գրեթե բացառում է Գյումրիում ՔՊ-ական քաղաքապետ ունենալու հեռանկարը և եկել է որոշ ճշմարտություններ բարձրաձայնելու ժամանակը:

Ամբողջ քարոզարշավի ժամանակ, ես հարգելի գյումրեցիներին հորդորել եմ՝ չհավատալ հին հեքիաթներին և հեղափոխական ստերին:

Ավագանու ընտրությունների հենց հաջորդ օրը հույս եմ հայտնել, որ «ընդդիմադիր չորս խմբակցությունները կգան կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում»:

Արդարացե՞լ են իմ սպասումները և առհասարակ՝ ինչի՞ մասին էին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները:
Դրական երկու արդյունք արձանագրվել է՝ ՔՊ-ն, ըստ ամենայնի, չի ունենա տեղական իշխանություն Գյումրիում և երկրորդ՝ մեր հասարակությունն աստիճանաբար սկսում է հավատալ, որ ընտրությունների միջոցով երկրում հնարավոր են փոփոխություններ:

Հատկապես երկրորդ հանգամանքն անչափ կարևոր է՝ 2026-ի համապետական ընտրությունների համատեքստում:

Սրանով, սակայն, Գյումրիի ընտրությունների դրական հետևանքը վերջանում է, որովհետև այդ ընտրությունները, մեծ հաշվով, քաղաքական համակարգի ֆիասկոյի մասին էին:
Գյումրիի մոդելը շատ վատն է, որովհետև դա պատմություն է իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման և տեղական երկու կլանների հաջողության մասին(ի դեպ, այս վիճակը Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման ուղղակի հետևանքն է)

Եթե որևէ մեկը սա համարում է քաղաքական հաջողություն, ապա խնդիր ունի ռացիոնալ մտածողության հետ:
Քաղաքական ուժերի առաքելությունը պետք է լինի հենց այն, որպեսզի թույլ չտրվի Գյումրիի մոդելի տարածումը երկրում. Փաշինյանն ու ՔՊ-ն իշխանությունից պետք է հեռացվեն քաղաքական այլընտրանքի կողմից: Այլ խոսքով, հետևանքը չի կարող վերացվել պատճառի միջոցով:

Ինչի՞ մասին է Վարդան Ղուկասյանի քաղաքապետությունը:

Դարձյալ կրկնեմ՝ տեղի չունեցան հետընտրական քաղաքական կոնսուլտացիաներ և որպես հետևանք՝ Գյումրիում ունենալու ենք խիստ խոցելի քաղաքային իշխանություն:

Պատճառները մի քանիսն են.
1) Վարդան Ղուկասյանն ունի անհատական խոցելիություն, ինչը կամ իշխանության մոտ մեծացնելու է «Վանաձորի մոդելը» կրկնելու գայթակղությունը, կամ էլ՝ Ղուկասյանի մոտ արթնացնելու է իր «հեղափոխական» անցյալը վերհիշելու ինքնապաշտպանական բնազդը:

2) Վարդան Ղուկասյանն ավագանու փոքրամասնության քաղաքապետ է լինելու, որովհետեւ նրան սատարող ընդդիմադիր երեք խմբակցությունները հրաժարվում են նրա հետ կոալիցիա կազմել: Այս հանգամանքը այդ երեք խմբակցություններին չի ազատում քաղաքական պատասխանատվությունից, բայց երաշխավորված ինստիտուցիոնալ ճգնաժամ է ստեղծում քաղաքային նոր իշխանության համար, եթե Ղուկասյանին «օգնության» չհասնի ՔՊ-ն:

Ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր, եթե ընդդիմադիր չորս խմբակցությունները գային կոնսենսուսի՝ սոլիդ քաղաքային իշխանություն ձևավորելու և ՔՊ-ին Գյումրիի իշխանությունից հեռացնելու հարցում:
Այդ կոնսենսուսի հիմքում պետք է լիներ ՔՊ-ին ու կլանային մտածողությունը մերժելը:

Չի ստացվել:

Ուրեմն, Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը: Խորհրդարանական ընտրություններից հետո՝ անկախ դրանց արդյունքից, օրակարգում դարձյալ լինելու է Գյումրին՝ նոր արտահերթ ընտրություններով»:

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
11:27 ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Զելենսկի