copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:16 05-03-2025

Խստագույն զգուշություն է պահանջում պատանդների դատավարության որևէ արծարծում. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Կարծես թե որեւէ մեկի մոտ չկա կասկած, թյուրընկալում, «տարընթերցում», որ Բաքվում պահվող մեր պատանդ հայրենակիցների հանդեպ դատավարությունը Ադրբեջանը իրականացնում է Հայաստանի դեմ իր քաղաքականության ծիրում: Այդ դատավարությունը Հայաստանի դեմ առավելապաշտության քաղաքականության մի դրվագ է:

Իսկ դրա մի շերտն էլ հայ հանրության հանդեպ տեղեկատվական-հոգեբանական ներգործությունն է:

Դա նշանակում է, որ այդ հարցում պետք է լինել չափազանց զգույշ, ուշադիր, բծախնդիր: Իսկ դա առաջին հերթին ենթադրում է զերծ մնալ Բաքվում դատարանի դահլիճում հնչող հայտարարությունները հայաստանյան տեղեկատվական դաշտ բերելուց:

Բնական է, որ այդ հայտարարություններին պետք է հետեւել: Բայց բերել դրանք մեր տեղեկատվական դաշտ, նշանակում է մասնակցել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի գործողությանը՝ կամա, թե ակամա: Ընդ որում, էական չէ, թե ինչ նկատառումով ենք բերում:

Որովհետեւ մեր տեղեկատվական դաշտը բացարձակապես անկառավարելի է, գրեթե ամբողջապես մանիպուլյատիվ, ծայրահեղ բեվեռացված, գերակշռող մասով՝ ապամասնագիտացված, զգայուն թեմաներ մարսելու անընդունակ:

Հետեւաբար, այդ դաշտում հայտնվող գրեթե ամեն ինչ ենթակա է «մուտացիայի» մեծ վտանգի: Իսկ, հաշվի առնելով հարցի եւ իրավիճակի խիստ առանձնահատկությունը, խստագույն զգուշություն է պահանջում թեմայի որեւէ տեղեկատվական արծարծում ընդհանրապես, եւ դատարանի դահլիճում հնչած որեւէ հայտարարություն՝ մասնավորապես»: