copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:20 26-02-2025

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից հողերի օտարման գործընթացի մանրամասները` հղում անելով դատախազության պաշտոնական աղբյուրներին: Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բղավում եւ ամոթանք էր տալիս, թե Եռաբլուրի հողերը սեփականաշնորհել են ընդդիմադիրները, մինչդեռ իր մտերիմն է Եռաբլուրի հողերի վաճառքի գործով անցնում` ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանն է Եռաբլուրի հողերի իրական վաճառողը եղել: Նա սպարապետ Վազգեն Սարգսյանի գյուղից է: Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո մասնակցել է նրա գինու, կոնյակի գործարանի բացմանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, նախորդ համարում հղում անելով ՀՀ դատախազությանը, ներկայացրել էր տեղեկություն այն մասին, որ 19 դրվագով հարուցված է քրեական վարույթ նույն Արմեն Սարգսյանի նկատմամբ, սակայն իրավապահները, 6 տարուց ավելի իմանալով այս մասին, նոր-նոր են սկսել գործել ու դեռ անարդյունք։ Ներկայացրել էինք 6 դրվագները: Շարունակում ենք մանրամասնել:

Եվ այսպես, 7-րդ դրվագի համաձայն` նույն Արմեն Սարգսյանը, Հարություն Մանուչարյանի համար, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 2.3 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքը օտարել է: Ըստ դատախազության՝ «574 մլն 260 հազար դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը ընդամենը 161 մլն դրամով վաճառվել է Հարություն Մանուչարյանին։ 3 տարի անց Մանուչարյանը ՌԴ քաղաքացի Գեննադի Շագորի Ստեփանյանին է վաճառել նույն հողամասը ավելի էժան` 115 մլն 900 հազար ՀՀ դրամով»։

8-րդ դրվագով Արմեն Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 1,4514 հա մակերեսով հողատարածքը Անուշավան Ղազարյանին է օտարել: Համաձայն դատախազության տվյալների` 399 մլն 580 հազար դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը օտարվել է 101 մլն 600 հազար դրամով: Այնուհետեւ, նույն Անուշավան Ղազարյանը, իր անվամբ որպես սեփականություն հաշվառված հողամասը տրոհել է 0,36285, 0,36285 եւ 0,7257 հա մակերեսներով երեք առանձին հողամասերի, եւ վաճառել է այլ անձանց:

9-րդ դրվագով Արմեն Սարգսյանը հողեր է վաճառել ՀՀ ՊՊԾ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանին, որը տարիներ շարունակ եղել է Սերժ Սարգսյանի վարորդապետը: Նա Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4,005 հա մակերեսով հողատարածքը, որի շուկայական արժեքը եղել է 1 մլրդ 588 մլն դրամ, Վաչագան Ղազարյանի փոխարեն վերջինիս մորեղբոր թոռանը՝ Արմեն Ավետիսի Մկրտումյանին է օտարել ընդամենը 360 մլն 450 հազար ՀՀ դրամով։

Ըստ դատախազության` Վաչագան Ղազարյանը շարունակել է հանցավոր ծագումը թաքցնելուն ուղղված գործողությունները եւ տրոհել է 2,14989, 1,80512 եւ 0,05 հա մակերեսներով երեք առանձին հողամասերի, որոնցից մեկը Արմեն Մկրտումյանի եւ Կորյուն Եղիազարյանի միջեւ կնքված ձեւական առուվաճառքի պայմանագրով 12 մլն դրամով վաճառվել է Վաչագան Ղազարյանի ընկերոջը՝ Կորյուն Եղիազարյանին:

Տրոհումից գոյացած երկրորդ հողամասը ձեւական առուվաճառքի պայմանագրով 10 մլն դրամով վաճառվել է Կորյունի կնոջը` Ալլա Ստեփանյանին: Իսկ երրորդ կտորը 1 մլն դրամով վաճառվել է արդեն Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին:

Հետո էլ Կորյուն Եղիազարյանը Վաչագան Ղազարյանի որդուն` Մհեր Ղազարյանին, ձեւական կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով 841 մլն դրամով վաճառել է Ալլա Ստեփանյանի անվամբ գրանցված հողամասը: Ապա Ալլա Ստեփանյանի եւ կրկին Վաչագան Ղազարյանի որդի Մհեր Ղազարյանի միջեւ 2021 թվականի մայիսի 26-ին ձեւական կնքված տարաժամկետ առուվաճառքի պայմանագրով հողամասը 1 մլրդ 269 մլն դրամով վաճառվել է Վաչագան Ղազարյանի որդուն՝ Մհեր Ղազարյանին:

շարունակելի….»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին