Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:26 27-01-2025

Շրջանառության մեջ է դրվում 2024թ. թողարկման նոր 20.000 դրամանոց

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2025 թ․ հունվարի 27-ից շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը, որը ՀՀ տարածքում հանդիսանում է օրինական վճարամիջոց և ենթակա է անվերապահ ընդունման իր անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների:

2024 թ․ թողարկման թղթադրամի դարձերեսին ավելացել է տեսանելի գունափոփոխ պաշտպանական հատկանիշ՝ ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով:

Թղթադրամի դիմերեսին փոխվել են թողարկման տարեթիվը՝ 2024, և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։
1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Ստորև ներկայացվում են 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամի նմուշը և վերջինիս նկարագրությունը:

20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 150 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնը կանաչն է:

Դիմերես. ​​​​Թղթադրամի վերին մասում խոր տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը: Թղթադրամի ձախ հատվածում Հովհաննես Այվազովսկու դիմանկարն է և «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «20000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԵԳ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվանշաններից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նավի պատկեր ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։ Հովհաննես Այվազովսկու դիմանկարի ֆոնին՝ իր կտավներից հատվածներ են և նավի պատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» տպագրված է ներքևի աջ մասում: Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «20000» ապամետաղականացված գրառումը։ Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։ Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2024», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր:
Դարձերես. Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը: Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։ Թղթադրամի մեջտեղի հատվածում Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի շենքն է, նրա ծննդավայր Թեոդոսիայի համապատկերը և երկգույն մարգարտափայլ ժապավեն։ Թղթադրամի աջ մասում Հովհաննես Այվազովսկու արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «20000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։ Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «20000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» (միագույն):

Ամենից շատ դիտված

17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը