Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:13 18-01-2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին և դրա շրջանակներում կազմակերպված գյուղատնտեսության նախարարների 17-րդ համաժողովին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, համաժողովին մասնակցել են շուրջ 50 երկրի գյուղատնտեսության նախարարներ և 10 միջազգային կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Կենսազանգվածի կայուն զարգացում» խորագրով քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության, թվային տեխնոլոգիաների, կանաչ տնտեսության զարգացման և վերականգնվող ու կայուն կենսազանգվածի բնագավառների մասին։

«Գյուղատնտեսությունը միշտ եղել է Հայաստանի տնտեսության և մշակույթի հիմնաքարը։ Այսօր գյուղատնտեսության ոլորտը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 9 տոկոսը: Այնուամենայնիվ, ինչպես շատ երկրներ, Հայաստանը բախվում է այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունը, բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը, կենսաբազմազանության պահպանումը և պարենային անվտանգության գլոբալ խնդիրները:

Հայաստանում կենսատնտեսությունը դիտարկում ենք որպես կայուն զարգացման կենսական ուղի։ Մեր ջանքերը կենտրոնացած են ավանդական գյուղատնտեսական պրակտիկան ժամանակակից տեխնոլոգիաների հետ ինտեգրելու վրա՝ ստեղծելու հավելյալ արժեքով արտադրանք և խթանելու կայուն կենսապահովումը: Ես հավատում եմ, որ 2025 թվականին Հայաստանի կառավարությունը կհաստատի կանաչ տնտեսության և կանաչ տաքսոնոմիայի շրջանակները, ինչը համագործակցության նոր հնարավորություններ կբացի»,-նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարն իր գործընկերներին հայտնել է, որ Հայաստանը պատիվ ունի 2026 թվականին հյուրընկալել Կենսաբազմազանության COP17-ը. «Մենք անհամբեր սպասում ենք ձեզ ողջունելու Հայաստանում՝ շարունակելու այս կարևոր քննարկումները և խորացնելու մեր գործընկերությունը»,-ասել է նա։

Համաժողովի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե` նպատակ ունենալով խթանել գյուղատնտեսական և պարենային ապրանքների առևտրի դերը կայուն գյուղատնտեսությունն ու պարենային համակարգերն ապահովելու գործում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի