copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:40 27-11-2024

Փաշինյանը «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսում է Թուրքիայի ուղիղ ցուցումո՞վ

Քաղաքական պրագմատիզմը ներկայացվում է որպես որոշումների հիմնավորում։ Այսինքն՝ երբ որոշումը բխում է ազգային շահերից, կամ երբ որոշման արդյունքում շահում է պետությունը, ապա ասում են, որ որոշողն առաջնորդվում է քաղաքական պրագմատիզմով։ Այս տեսանկյունից՝ ո՞ր երկիրն է շահում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Կամ ո՞վ է «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթի հիմնական շահառուն։

«Հիմա մենք նեղվում ենք և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, չէ՞։ Բա մենք որ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, չենք մտածու՞մ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է։ Ոնց որ ասում են՝ «Արևմտյան Ադրբեջան», և դա մեզ գրգռում է, այդպես էլ, երբ ասում ենք՝ Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում»,- ասել է Փաշինյանը։

Եթե թեման անձնավորենք, այսինքն՝ ենթադրենք, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը գրգռում է Նիկոլ Փաշինյանին, ապա ինչո՞ւ ՀՀ իշխանությունը համարժեք չի արձագանքում, հարցը չի բարձրացնում միջազգային ատյաններում ու չի մեղադրում Ադրբեջանին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լկտի ու չհիմնավորված հավակնության համար։ Սա հիմք է տալիս կասկածելու, որ Փաշինյանի անհաջող համեմատությունն այլ նպատակ է հետանդել, այլ շահառու ունի։

Հնարավոր է, որ նման հայտարարությունն արվել է միջազգային գործընկերներին հավաստիացնելու համար, որ Հայաստանը պատրաստ է հավասարակշռված մոտեցման, չի կիսում որոշ քաղաքական ուժերի, հանրային շրջանակների երազանքները Արևմտյան Հայաստանի վերաբերյալ։ Սակայն այս կերպ ՀՀ-ն կարող է ընկալվել որպես մի պետություն, որը պատրաստ է հրաժարվել իր իրավունքներից խաղաղություն ձեռք բերելու նպատակով։ Միաժամանակ՝ չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը համապատասխանաբար կնահանջի իր խոսույթից խաղաղության պայմանագրից հետո։ Հետևաբար՝ կարող ենք ենթադրել, որ Փաշինյանի՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսքը ՀՀ շահերի տիրույթում չէ։

Սփյուռքը միավորված է Հայոց ցեղասպանության հետևանքների և հայրենիքի կորստի թեմայի շուրջ։ «Արևմտյան Հայաստանից» հրաժարման մասին փաշինյանական ակնարկը, ենթադրաբար՝ վրդովմունք է առաջացնել Սփյուռքում։ Հարկ է նկատի ունենալ, որ Սփյուռքի մեծ մասը հավատարիմ է պահանջատիրության սկզբունքներին, և նման խոսույթը կարող է խորացնել խզումը Հայաստանի իշխանությունների և Սփյուռքի միջև։ Իսկ դրա արդյունքում Սփյուռքն էապես կթուլանա։ Այսինքն՝ աներկբա է, որ Սփուռքը ևս չի շահում այս խոսույթից։ Ու եթե ո՛չ ՀՀ-ն է շահում, ո՛չ Սփյուռքն, ապա ո՞վ է շահում։

Ադրբեջանն այս համեմատությունից կարող է առվազն՝ լավ զգալ։ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը Ադրբեջանը օգտագործում է՝ հիմնավորելու իր տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ։ Իսկ Փաշինյանի այս համեմատությունը կարող է ընկալվել որպես այդ խոսույթի լեգիտիմացում։ Հետևաբար՝ նկատելի է, որ Ադրբեջանը որոշակի շահում է Փաշինյանի համեմատությունից։ Սակայ կասկած կա, որ հիմնական շահառուն նա չէ։

Հավանական է, որ «Արևմտյան Ադրբեջանի» հիմնական շահառուն Թուրքիան է, որը շահագրգռված է նաև «Արևմտյան Հայաստան» գաղափարի վարկաբեկմամբ։ Ենթադրելի է, որ Ադրբեջանը «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսում է Թուրքիայի ուղիղ ցուցումով, փորձելով հավասարակշռել Արևմտյան Հայաստանի մասին ՀՀ միջազգայնորեն ճանաչելի իրավունքները։ Այս տեսանկյունից՝ Փաշինյանի համեմատությունը կարող են օգտագործել որպես փաստարկ, որ Հայաստանը ճանաչում է «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի հավասարությունը։ Այսինքն՝ երբ Փաշինյանը խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, այդպիսով տպավորություն է ստեղծում, թե Թուրքիայն կարող է վերահսկել Հայաստանի քաղաքական օրակարգը, թելադրել քաղաքական խոսույթ։ Պարզ ասած՝ կասկածելի է, որ Նիկոլ Փաշինյանը «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսում է Թուրքիայի ուղիղ ցուցումով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու