Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:14 30-10-2024

«Բնականաբար անհանգստացա». ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը` ՔԿ-ում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել:

Հարցաքննության առիթը եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցով օգտատեր «Ռուբեն Կասյանից» ուղարկված նամակը Ռուբեն Ռուբինյանին, որով նրան հայտնել են, որ ՔՊ գրասենյակը պայթեցրել են:

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավորների տան եւ գրասենյակների պայթյունի դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնել, եւ վարույթի շրջանակում կալանավորված 3 անձինք կան, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը:

Քննիչի Հարցը. Ի՞նչ տեղեկություններ կարող եք հայտնել, որոնք կարող են կարեւոր նշանակություն ունենալ սույն քրեական վարույթի համար:

Պատասխան. «Ռուբեն Կասյան» անունով, ամենայն հավանականությամբ կեղծ օգտատիրոջից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն, որն ինձ ուղարկվել է 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 16:06-ին: Հաղորդագրության բովանդակությունը եղել է այն, որ նշված օգտատերը, օգտագործելով հայհոյանքներ, ինձ հայտնել է, որ մեր գրասենյակը պայթեցրել են: Չեմ հիշում, թե այդ հաղորդագրությունը ես կարդացել եմ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրված լինելու մասին լուրն իմանալուց առաջ, թե հետո: Այն օրը, երբ լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ ՔՊ գրասենյակի մոտ ռումբ է տեղադրված եղել, Ալեն Սիմոնյանից իմացել եմ նաեւ, որ պայթյունի մասին հաղորդագրություն է ստացել Ռոմանոս Պետրոսյանը, որից հետո հիշել եմ ինձ ուղարկված հաղորդագրության մասին: Կապվել եմ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով հաստատել է նշված հանգամանքը, նրանից տեղեկացել եմ, որ հաղորդագրությունը ստանալու դեպքով՝ դիմել է իրավապահ մարմիներին : Նրան խնդրել եմ ինձ ուղարկված հիշյալ հաղորդագրության մասով նույնպես դիմել իրավապահ մարմիններին եւ այդ նպատակով ուղարկել եմ հաղորդագրության «սքրինշոթը»: Նշեմ, որ բացի հիշյալ հաղորդագրությունից, «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ որեւէ տեսակի հաղորդակցություն չեմ ունեցել, տեղյակ չեմ, թե ով է այդ էջի փաստացի օգտատերը:

ՀԱՐՑ. Ըստ Ձեր կողմից ներկայացված փաստաթղթի բովանդակության՝ Դուք եւ «Ռուբեն Կասյան» օգտատերն ունեք մեկ ընդհանուր ընկեր, այն է՝ «Համլետ Մկրտչյան» օգտատերը: Ի՞նչ կարող եք հայտնել «Համլետ Մկրտչյան» օգտատիրոջ մասին:

Պատասխան. Որեւէ տվյալ չեմ կարող հայտնել: Չեմ ճանաչում կամ չեմ հիշում: Ներկայումս նայեցի իմ էջը ու տեսա, որ «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ արդեն ունենք եւս մեկ ընդհանուր ընկեր՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը: Նշեմ, որ «Ռուբեն Կասյան» օգտատերը նաեւ ինձ է ընկերության հայտ ուղարկել ֆեյսբուքով, սակայն ես այն չեմ ընդունել: Հստակ չեմ կարող ասել, թե երբ է ուղարկված եղել ընկերության հայտը. այդ մասին իմացել եմ նրա հաղորդագրությունը կարդալուց հետո:

ՀԱՐՑ. Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Գալստյանը, Էդուարդ Պետրոսյանը եւ Վահագն Հովհաննիսյանը կատարել են սույն քրեական վարույթով քննության առարկա ահաբեկչությունները: Ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ:

Պատասխան. Ձեր հարցում նշված անձանցից ոչ ոքի չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչության մասին հիշատակված բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկվել հենց Ձեզ եւ Ռոմանոս Պետրոսյանին:

Պատասխան. Չգիտեմ:

ՀԱՐՑ.Վերը հիշատակված հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեր կյանքին առողջությանը կամ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության զգացողություններ առաջացրե՞լ է, թե՞ ոչ:

Պատասխան. Սկզբում չեմ զգացել, քանի որ հաղորդագրությունը չեմ կապել ահաբեկչության հետ: Սակայն երբ հետագայում՝ 2024 թվականի փետրվարի 26-ին, տեղեկացա ՔՊ գրասենյակի մոտ ռումբ տեղադրված լինելու մասին եւ խոսեցի Ռոմանոս Պետրոսյանի հետ, բնականաբար անհանգստացա: Ի դեպ նշված հաղորդագրությունը տեսել եմ, քանի որ բացել եմ իմ Messenger-ի «սպամ» բաժինը. ուստի հնարավոր է, որ այլ անձիք նույնպես կան, ովքեր ստացել են նման հաղորդագրություններ, սակայն չեն տեսել, քանի որ «սպամ»-ը չեն բացել:

ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը կամ գույքին վնասելու սպառնալիքներ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ նման գործողություններ երբեւէ կատարվե՞լ են, թե՞ ոչ:

Պատասխան. Գործողություններ չեն կատարվել, բայց սպառնալիքներ բազմիցս ստացել եմ: Դրանք չեմ գնահատել լուրջ կամ իրական. գտել եմ, որ իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված վիրավորանքներ են: Իմ անձի վերաբերյալ նախկինում ստացած սպառնալիքները չեմ կարող կապել ցուցմունքումս նշված եւ ներկայացված հաղորդագրության հետ: Ցուցմունքիս ավելացնելու ոչինչ չունեմ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով