copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:57 15-10-2024

Փաշինյանն Ալիևին առաջարկել է երկկողմ ֆորմատով հանդիպումներ անցկացնել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը: Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները:

-Պարոն Խանդանյան, Ադրբեջանի նախագահը հոկտեմբերի 14-ին, ընդունելով Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանին, հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետությունն է, որ հրաժարվել է Բրյուսելյան հարթակում ընթացող բանակցությունները շարունակելուց: Մինչդեռ Հայաստանի կառավարությունը մի փոքր այլ կերպ էր ներկայացնում:

-Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է պարզապես հղում կատարենք փաստերին: 2023թ. հունիսին Քիշնեւում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կայացավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Միշելի, Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հնգակողմ հանդիպումը, որպես բրյուսելյան քննարկումների ամփոփման հարթակ: Պայմանավորվածություն ձեռքբերվեց այդ ձեւաչափով հաջորդ հանդիպումը ունենալ նույն թվականի հոկտեմբերին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում՝ Բրյուսելում առաջիկա եռակողմ հանդիպումից հետո: Բրյուսելում եռակողմ հանդիպում տեղի ունեցավ 2023թ. հուլիսի 15-ին, իսկ Գրանադայի հանդիպմանը Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել: Գրանադայից անմիջապես հետո ԵՄ խորհրդի նախագահ Միշելը հայտարարեց, որ հոկտեմբերի վերջին նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, և կողմերն արդեն իսկ տվել են իրենց համաձայնությունը։ Այնուամենայնիվ, հետագայում ադրբեջանական կողմը հրաժարվեց այս հանդիպումից եւս։ 2024 թվականի փետրվարի 2-ին վարչապետ Փաշինյան - նախագահ Միշել հեռախոսազրույցում վերջինս առաջարկել էր Բրյուսելում եռակողմ հանդիպում ունենալ մարտի սկզբին։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպումն անցկացնել մարտի 12-ին: Հետագայում Ադրբեջանը հրաժարվեց նաեւ այդ հանդիպումից: Ապրիլին Շառլ Միշելը նամակով դիմել էր ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին՝ առաջարկելով Բրյուսելում անցկացնել եռակողմ հանդիպում։ Վարչապետ Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, իսկ ադրբեջանական կողմը հրաժարվել էր հանդիպումից։ Հավելեմ, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ստանձնած հումանիտար բնույթի մի շարք հանձնառություններ, ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակելու վերաբերյալ:

-Բայց Ադրբեջանը փաստարկում է, որ Հայաստանը հրաժարվել է Մեծ Բրիտանիայում հուլիսին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում հանդիպման առաջարկից:

-Հայաստանը ոչ թե հրաժարվել, այլ նպատակահարմար չի համարել նոր ֆորմատով հանդիպումը եւ Ադրբեջանին առաջարկել է Մեծ Բրիտանիայում ունենալ երկկողմ հանդիպում, ինչից հրաժարվել է Ադրբեջանը, որն ավելի վաղ հրաժարվել էր հնգակողմ ֆորմատով հանդիպումներից: Որքան տեղյակ եմ, հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիեւին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը: Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել:

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:56 Էլեն Սաֆարյանը ցույց է տվել նշանածին և ծնողներին. ջերմ ընտանեկան կադրեր
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան