Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Անհայտ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում
հայտարարել է, որ եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, ապա «պետք է դատապարտի ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները և պատժի մեղավորներին»։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ Վերջինս ասաց, որ իր կարծիքով՝ Ալիևը կոնկրետ անձանց չի թիրախավորել։ Քաղաքագետի խոսքով՝ դա ունի 2 նպատակ։
«1․ միշտ կլինեն ինչ-որ պատճառաբանություններ Հայաստանի հետ պայմանագիր չստորագրելու համար, որովհետև Ադրբեջանի գլխավոր խնդիրը Սյունիքի զավթումն է և ճանապարհ բացելը դեպի Թուրքիա։
2․ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ եթե ապագայում Հայաստանում իշխանություն փոխվի, և աշխարհում իրավիճակը փոխվի, ապա Արցախի հարցը կարող է նաև միջազգային դատարանի խնդիր դառնալ։ Այդ իսկ պատճառով նա նախահարձակ է լինում և Հայաստանին մեղադրում հանձագործություններ կատարելու մեջ, դրանով հիմք է ստեղծում ապագայում այդ 2 իրադարձությունները հավասարակշռելու համար»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների կողմից այս հայտրարությանն արձագանք չի լինի։
Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում էր փոխել ՀՀ սահմանադրությունն ու այնտեղից հանել Անկախության հռչակագրին հղվող հատվածը։ Նշենք նաև, որ օրեր առաջ ՀՀ ՍԴ-ն Սահմանազատման կարնոնակարգի սահմանադրականության հարցը քննելիս անդրադարձել էր Անկախության հռչակագրին, նշելով՝ «Սահմանադրական դատարանը եզրահանգել է՝ Սահմանադրության նախաբանի՝ «... հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»: Ըստ փորձագետների՝ ՍԴ-ն այսպիսով անուղղակի բավարարել է Ադրբեջանի պահանջը։ Եվ սրանից հետո Ալիևը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին։