copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:15 02-10-2024

Հայի հետին խելքն ու հիմար թուրքը․ Փաշինյանը խճճվել է

Գիտելիք ձեռք բերելու երկու ճանապարհ կա՝ կրթություն և փորձ։ Մարդկանց մեծ մասը անհրաժեշտ գիտելիքը ձեռք է բերում սեփական փորձով, սեփական սխալներով անցնելով, հասնում ճիշտ ճանապարհին կամ ճշմարիտ գիտելիքին, որը հայտնի էր ավելի վաղ, ուրիշների փորձով, որիշների սխալներով։ Այդպիսի մարդուն ինչքան էլ ասես, որ այդ դիմացդ փոս է, ճամփան վտանգավոր է, նա հաշվի չի առնում խորհուրդը, խրատը, նախընթաց փորձը, ամբարված գիտելիքը, և երբ ինքն ընկնում է այդ փոսը, վնասվում, տուժվում, նոր դրանից հետո ընտրում է ճիշտ ուղին՝ այն, ինչի մասին նրան ասվում էր, բայց նա չէր լսում։

Հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը, որը վերջերս սիրողական մակարդակով հետաքրքրվում է սոցիալ հոգեբանությամբ, գրառում է արել՝ «Սոցիալ-հոգեբանության տեսակետից մեր առաջնային խնդիրներից մեկը հետևյալն է. հայի ետին խելքը բերել էականորեն առաջ»։ Ինչի՞ մասին է խոսքը, իրո՞ք կա նման խնդիր, թե՞ դա Փաշինյանի սիրողական երևակայության արդյունք է։

Ուրիշների սխալների կամ եղած գիտելիքի, մարդկության փորձի վրա հիմնված, ճիշտ, տրորված ուղին ընտրում են կիրթ մարդիկ, միանգամից կատարելով ճիշտ ընտրություն։ Կան նաև հիմարներ, որոնք փոսն ընկնելուց, տուժելուց հետո էլ խելքի չեն գալիս, ճիշտ ուղու վրա չեն կանգնում։

Այս առումով՝ հետին խելք ունենալը նշանակում է սեփական սխալներից դաս քաղել, տուժվելուց, վնասվելուց հետո խելքի գալ, ուղղվել։ Թեկուզ ուշ, բայց հասկանալ, թե որն էր ճիշտ ուղին, ճիշտ ընտրությունը։ Չնայած՝ ճիշտ ուղին աչքի առաջ էր, կարող էր գտնել տրամաբանորեն կամ ուսումնասիրելով ուրիշների սխալները, փորձը, ամբարված գիտելիքը։

Հայի հետին խելք ասելով, նկատի ունեն այն որոշումը, որը նա ընդունում է սեփական փորձի արդյունքում, սեփական սխալների վրա սովորելով։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին բացատրում են ճիշտ ուղին, իսկ նա ընտրում է սխալը, տուժում, աղետ պատճառում ազգին, ժողովրդին, հետո խելքի գալիս ու ընտրում ճիշտը։ Եվ երբ ասում են՝ հայն ունի հետին խելք, նկատի ունեն, որ հայը հիմար չէ։ Ի տարբերություն հիմարի, կարող է սխալվելուց, տուժելուց հետո դաս քաղել, ուղղվել։ Բայց և կիրթ կամ իմաստուն էլ չէ, որ կարդա, մտածի տրամաբանի, կամ նայի, սովորի նախկինների, ուրիշների փորձն ու նրանց սխալը չկրկնի, չտուժի։

Պերֆեկցիոնիստական տեսանկյունից՝ հայի հետին խելքի, ուշ հասկանալու փաստը շատ ամոթալի է։ Բայց ամաչելու, ուրիշների սխալների վրա սովորելը կամ տրամաբանությամբ առաջնորդվելը նորմ ու պահանջ դարձնելու փոխարեն, հորինվել է մխիթարական ասացվածք, իբր կան ցեղեր, որոնք երազում են հայի վերջին խելքն ունենան։ Այսպիսով՝ ակնարկվում է, որ չնայած հայն արհամարհում է կրթությունը, տրամաբանությունը, սխալվելուց, տուժելուց հետո է միայն հասկանում ճիշտ ուղին, բայց իր կողքին կան ավելի ամոթալի վիճակում գտնվող հիմար ցեղատեսակներ, որոնք այդ հետին խելքն էլ չունեն։ Ու քանի որ ավանդական չբարեկամը վերջին շրջանում եղել է թուրքը, ապա վիրավորական համեմատությունն արվել է նրանց վերաբերյալ, իբր՝ թուրքերը երազում են հայի վերջին խելքն ունենան։ Այսպես ակնարկել են, թե հայի հետին խելքը ոչ թե ամոթալի է, այլ Շնորհ է, որը կերազեին ունանալ այլ ցեղեր։

Նախընթաց տարիները հիմք են տալիս կասկածելու, որ ՀՀ իշխանությունները, այդ շնորհն ունեն, պարզապես շատ ուշ են խելքի գալիս։ Այսինքն, ոչ թե մեկ, այլ բազմաթիվ աղետաբեր, կործանարար սխալներից հետո, երբ դանակն արդեն ոսկորն է տաշում, նոր են խելքի գալիս։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոստովանել, որ ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիաներից հետո են հասկացել, որ ամբողջ ընթացքում սխալ կուրս են վարել։ Եթե քաղաքականություն որոշողը հետին խելք չունենա, ապա երկիրը կկործանվի, ժողովուրդը կմահանա։ Իսկ երբ ղեկավարը կիրթ է, ուրիշների սխալների, փորձի վրա սովորող, տրամաբանություն ունեցող, ապա ոչ միայն զերծ կպահի երկիրն աղետներից, այլև առաջընթաց կապահովի։

Կարճ ասած, եթե հայի հետին խելքը էականորեն առաջ բերելու խնդիրը լուծված լիներ 2018-ին, ապա Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվի, հանրությունը չէր ընտրի անկիրթ, անփորձ, պոռոտախոս ղեկավարի, որի սխալները ազգային աղետների ու ողբերգությունների պատճառ էին դառնալու։ Իսկ առաջիկա ընտրություններում հետին խելք ունեցող ՀՀ քաղաքացին Նիկոլ Փաշինյանին չի ընտրի, որ նոր աղետներից զերծ մնա։ Հետևապես՝ հայի հետին խելքը էականորեն առաջ բերելը կարող է վատ հետևանք ունենալ Փաշինյանի համար։ Նրան ոչ ոք ձայն չի տա։ Եվ եթե նա այդպիսի խնդիր է դնում այսօր, ապա ենթադրելի է, որ կա՛մ խճճվել է, և չի հասկանում, որ հայի հետին խելքն առաջ բերելը աղետալի կարող է լինել իր համար, կա՛մ գիտակցաբար ուզում է զիջել իշխանությունը խելացի, ուշիմ հայերին, ում մոտ հետին խելքն արդեն առաջ է բերված։ Հաշվի առնելով այն, որ ներկայում ընդդիմության առաջնորդը Բագրատ Սրբազանն է, ապա ենթադրելի է, որ Փաշինյանն ակնարկում է իշխանությունը զիջելու պատրաստակամության մասին։ Այս ակնարկը տեղին է, քանի որ հոկտեմբերի 2-ին սկսվում է Սրբազան պայքարի վճռական փուլը։ Եվ եթե շարժման առաջնորդներն ապացուցեն, որ իմաստուն են, ոչ թե Փաշինյանի նման հետին խելքով են շարժվում, ապա չի բացառվում, որ իշխանափոխություն կլինի առաջիկա ընտրություններում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան