copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:21 10-09-2024

Տնտեսական և էներգետիկ դիմակայունությունը կարող է լինել ՀՀ անկախության հիմքը․ Գրիբաուսկայտե

Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն «Երևանյան երկխոսություն» համաժողովում անդրադարձել է Հայաստանի անվտանգության ապահովման հնարավորությանը անկայուն տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ դրա լավագույն ճանապարհը դիմակայունության բարձրացումն է։

«Որոշումների կայացման գործում մշտապես մեր ուղենիշն է եղել մեր ապագան, մեր պետականությունը, ազատությունն ու անկախությունը։ Դրանով ենք առաջնորդվել՝ ընտրելիս, թե ովքեր են մեր ընկերները, ում հետ կարող ենք համագործակցել և թե ինչ ճանապարհ պետք է ընտրենք»,- ասել է Գրիբաուսկայտեն։

Նրա խոսքով՝ Լիտվան ու Հայաստանը նման երկրներ են՝ գրեթե նույն ռեսուրսներով և բնակչության թվով։

«Այսօր մենք բացարձակապես, 100 տոկոսով անկախ ենք և կախված չենք որևէ երկրի էներգետիկ ռեսուրսներից։ Քսան տարի առաջ մենք 100 տոկոսով կախված էինք ռուսական գազից, իսկ այսօր՝ զրո տոկոսով։ Եվ դրա համար հսկայական ջանքեր ենք գործադրել»,- ասել է նա՝ հավելելով, որ երկիրը հասկացել է, որ պետք է լինի միասնական և որ քաղաքական անկախությունը պահանջում է լինել անկախ նաև տնտեսապես։