Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 21:30 05-08-2024

Ինքնիշխանության իմիտացիա․ «Զվարթնոց»-ից դուրս բերված ռուս սահմանապահները Հայաստանից չեն հեռանա

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահները հուլիսի 31-ին ավարտեցին իրենց ծառայությունը և հրաժեշտի պաշտոնական արարողությունից հետո լքեցին օդանավակայանը։

«Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրսբերման մասին դեռևս մարտի վերջին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ն բավարար կարողություններ ունի՝ սահմանի հսկողությունն ինքնուրույն իրականացնելու համար։ Արդեն մայիսի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնեցրեցին Հայաստանի 5 մարզերից, ինչպես նաև օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը։

Գաղտնիք չէ, որ օդնավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը մեր երկրում բազմաթիվ իրարամերժ գնահատականների արժանացավ․ հանրության և փորձագետների մի մասը գնտում է, որ սա շատ ճիշտ, անգամ՝ ուշացած որոշում էր, մինչդեռ որոշ շրջանակներ էլ կարծում են, որ այս որոշմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հերթական անգամ սրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը Հայաստանի համար կարող է լրջագույն հետևանքներ ունենալ։

Հատկանշական է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումը ողջունող քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակները հանրությանն այս օրերին վստահեցնում են, որ սա չափազանց կարևոր քայլ էր, որը մի քանի աստիճանով բարձրացնելու է Հայաստանի ինքնիշխանության մակարդակը։ Ավելին՝ նույն շրջանակները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ ռուս սահմանապահները պետք է դուրս բերվեն նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններից, որոնց անվտանգությունը նույնպես Հայաստանն ի զորու է սեփական ուժերով ապահովել։

Նշենք, որ Փաշինյան-Պուտին մայիսյան հանդիպումից հետո Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանի խնդրանքով ռուս սահմանապահները կշարունակեն մնալ Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ ՀՀ-ի սահմաններին։ Եթե Պեսկովի հայտարարությունը դիվանագիտական լեզվից թարգմանենք, ապա նա հայ հանրությանն ասաց, որ ի հեճուկս գործող իշխանությունների կողմից գեներացվող հակառուսական տրամադրությունների և Թուրքիայի և Իրանի հետ սահմաններից ռուս զինվորականներին դուրս բերելու ակնկալիքներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ ՀՀ-ն ի զորու չէ վերահսկել այդ սահմանների անվտանգությունը և խնդրել, որ ռուս զինվորականները շարունակեն այնտեղ մնալ։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ «Զվարթնոց»-ում իրենց ծառայությունն ավարտած ռուս սահմանապահներն այն շարունակում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին․

Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցին ի պատասխան հայտնել էին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 1992 թվականի պայմանագրի համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության զինծառայողները պետական սահմանի պահպանություն իրականացնում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան պետական սահմանի տեղամասերում։ ԱԱԾ-ն միևնույն ժամանակ հրաժարվել էր նշել, թե օդանավակայանում քանի ռուս սահմանապահ է ծառայել՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է։

Այսպիսով՝ թեպետ ողջունելի էր, որ ռուս սահմանապահները դուրս բերվեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, որտեղ վերջիններս հասանելություն ունեին Հայաստան ժամանող և մեր երկրից հեռացող քաղաքացիների տվյալներին, ինչպես նաև հայկական կողմն այսուհետ ինքնուրույն է վերահսկելու իր կարևորագույն ենթակառուցվածքներից մեկը, սակայն մտահոգիչ է, որ վերջիններս ոչ թե դուրս են բերվում ՀՀ-ի տարածքից, այլ տեղափոխվում են Թուրքիայի և Իրանի հետ պետական սահման։

Փաստացի հերթական անգամ գործող իշխանությունները և իրենց պսևդոարևմտամետ փորձագետ-քարոզիչները հանրության շրջանում ինքնիշխանության բարձրարցման իմիտիացիա են անում՝ իրականում էլ ավելի իջեցնելով ՀՀ-ի ինքնիշխանության մակարդակը։ Սա հերթական անգամ հօդս է ցնդեցնում միֆը, թե, իբր Հայաստանի գործող վարչապետը հակառուս ու անկախական գործիչ է, և հերթական համոզվում ենք, որ նա հակառուսականության քողի ներքո սպասարկում է Մոսկվայի օրակարգը։




Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել