copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:53 25-07-2024

Գյումրիի բնակչուհու՝ ավելի քան 1 տարվա վաղեմության սպանության գործով կալանավորվել է նրա փաստացի ամուսինը

Պարզվել են Գյումրի քաղաքի բնակիչ Վարդուհի Հակոբյանի սպանության դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ինչպես նաև շարժառիթը։ Տեղեկացնում է ՔԿ-ն։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2024թ․ հուլիսի 21-ին քաղաքացուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ երկար ժամանակ քրոջից՝ Գյումրի քաղաքի Ջափարիձե փողոցի տներից մեկում ապրող Վարդուհի Հակոբյանից, տեղեկություն չունենալով, վերադարձել է, տան դուռը կոտրելով ներս մտել և տանը հայտնաբերել քրոջ դին։

Դեպքի վայրի զննությամբ նշված տան հյուրասենյակի հատակին հայտնաբերվել էր սավանով ծածկված նեխած դի՝ գլխից մինչև գոտկատեղը ճամպրուկի մեջ դիրքում։

Ըստ դատաբժիշկ-փորձագետի հայտարարության՝ այն մի քանի ամսվա մահվան վաղեմություն ունի: 2024թ․ հուլիսի 22-ին սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Կոտայքի մարզում բնակվող 49-ամյա մի տղամարդ, ով մինչև դեպքը, մի քանի ամիս տուժողի հետ բնակվել են վերջինիս՝ Գյումրի քաղաքում գտնվող նշված տանը։

ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի 49–ամյա բնակիչը, Վարդուհի Հակոբյանի հետ գտնվելով փաստական ամուսնական հարաբերությունների մեջ, 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, քննությամբ դեռևս չպարզված օրը, վերոնշյալ հասցեի տան հյուրասենյակում, իր երեխաների մասին կնոջ արած արտահայտությունների պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ, ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել հյուրասենյակի բազմոցին նստած կնոջ գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։

Այնուհետև, տեղափոխելու նպատակով, վերջինիս դին բազմոցից իջեցրել է հատակին, մարմինը կիսով չափ՝ գլխից մինչև գոտկատեղը, տեղավորել ճամպրուկի մեջ, սակայն, չկարողանալով շարունակել և այդ կերպ տեղափոխել այն, դին ծածկել է վերմակով, վերցրել կնոջ բջջային հեռախոսը, տան բանալիները, փակել տան դուռը, կողպել բակի դարպասները և հեռացել։

Դրանից հետո ինչպես կնոջ, այնպես էլ այլ հեռախոսահամարներով 49–ամյա տղամարդը sms հաղորդագրություններ է գրել վերջինիս քրոջը, որպեսզի չկասկածեն, որ կինը մահացել է։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 49–ամյա տղամարդը հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում։ Որոշում է կայացվել Գյումրի համայնքի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովի նախագահին նրա օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված՝ տղամարդու անձնական խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է երկու զույգ բանալի, որոնք, պարզվել է՝ Վարդուհի Հակոբյանի տան մուտքի դռան և դարպասի բանալիներն են։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 49–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը՝ կատարված մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող