Ինչպես գիտենք՝ Տիգրան Ավինյանը մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարել էր, որ «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը վերադարձվել է Երևանին։
Ամիսներ առաջ, երբ դեռ հնարավոր էր մուտք գործել կենտրոն,
Oragir.News-ը նկարահանումներ էր իրականացրել այնտեղ։
Oragir.News-ը այսօր ևս շրջեց և նկարահանումներ իրականացրեց մարզամշակութային կենտրոնում, հասկանալու համար արդյո՞ք որևէ վերանորոգման աշխատանքներ կատարվել են կենտրոնում, թե՞ ոչ։
Oragir.News-ի ֆիքսած կադրերից պարզ դարձավ, որ Երևանին վերադարձված «Կանազ» մշակութային կենտրոնում ոչ մի աշխատանք չի իրականցվել մարտի 4-ից մինչ այսօր։
Ավելին՝ «Կանազ» կենտրոնի դռները ճաղերով և կողպեքով փակված էին, սակայն ներսում նույն քաոսն էր տիրում։
Այսպիսով՝ Տիգրան Ավինյանի պատճառաբանությամբ՝ «Կանազը», որը ոչ բարվոք վիճակում էր դերասան Հրանտ Թոխատյանի ձեռքերում, քաղաքի ենթակայության տակ անցնելուց հետո իր նախկին տեսքին է մնացել, ոչինչ չի փոխվել։
Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում նաև հայտնել էր, որ «Կանազ» մշակույթի տունը երաժշտական ակադեմիա կդառնա․
«Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում։ Նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունը, վստահաբար, ակտիվ դերակատարություն է ստանձնելու մեր համայնքի և մեր պատանիների մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության գործում»,- նշել էր նա։
Հիշեցնենք, որ Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող «Կանազ» մշակութային կենտրոնը 7 տարի առաջ՝ 2017 թվականի հոկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ 10 տարի ժամկետով փոխանցվել էր դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին։