copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 03-07-2024

Ժողովուրդը ե՞րբ կուզենա իշխանափոխություն անել 

Նիկոլ Փաշինյանը 6 տարի շարունակ ապաքաղաքական խոսույթ է զարգացնում։ Այսպես վարվում են մեծ ու փոքր պոպուլիստները, որ հասարակության ուշադրությունը հեռացնեն քաղաքական, ազգային թեմաներից։ Հերթական պուլիստական արտահայտությունը նա արեց հուլիսի 1-ին «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ, ասելով՝ «Եթե ժողովուրդն ուզենա իշխանափոխություն անել՝ կանի։ Ոչ ոք չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար»։

Ամեն օր նոր, մաքուր զգեստ հագնելը հաճելի է մարդու և շրջապատի համար։ Երբեմն կարևոր չէ, թե ինչ որակի, գույնի զգեստ ես կրում։ Կարևոր է, որ երեկվա զգեստը չհագնես։ Կարևոր է, որ զգեստդ լինի նոր և մաքուր։ Սակայն իշխանափոխությունը զգեստափոխություն չէ։ Սահմանափակ քաղաքական միտքը կարող է սևեռվել իշխանափոխության վրա, այն մատուցելով որպես ինքնանպատակ զգեստափոխություն։

Իշխանափոխությունն իրական նպատակ է խրոնիկ ընդդիմադիրների, պոպոլիստների, ատելությամբ առաջնորդվողների համար։ Իշխանափոխությունը նույնիսկ իրադարձություն չէ քաղաքականությամբ լրջորեն զբաղվողի համար, որովհետև էական է ոչ թե փոփոխությունն ինքնին, այլ նոր իշխանության էությունը, ծրագիրը, առաջնահերթությունները, և իհարկե՝ առաջնորդները։

Քաղաքական գործիչները, կուսակցությունները ձգտում են ոչ թե իշխանափոխության, այլ իշխանության, որին հասնելու երկու գործիք կա՝ ընտրություններն ու արտաքին միջամտությունը։ Անկախ երկրներում ձգտում են նվազագույնի հասցնել արտաքին միջամտությունը։ Ավելին՝ եթե բացահայտվում է, որ այսինչ թեկնածուն ընտրվել է արտաքին միջամտության արդյունքում, ապա այդ ընտրությունն անվավեր է համարվում։

ՀՀ-ում ընտրությունների ընթացքի վրա ավանդական ազդեցություն ունի Մոսկվան։ Որոշ կուսակցությունների ցուցակները կազմում էին ՌԴ դեսպանի հետ համաձայնեցնելով։ Այս մասին գիտի նաև Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար՝ ժողովրդի ազատ ընտրությունն ապահովելու համար նախ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել ռուսական միջամտությունը, որի ազդեցիկ լծակներն են անպատիժ գործող ռուսական գործակալների հսկա բանակը, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերն ու ռուսական աջակցությունը վայելող խոշոր գործարարները իրենց տասնյակ հազարավոր աշխատողներով։ Քարոզչական մեծ ազդեցություն ունեն ազգային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստալիքները։ Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ժողովուրդն իշխանություն ձևավորելու անկաշկանդ հնարավորություն ունի, ապա առաջին հերթին պետք է չեզոքացնի ռուսական միջամտության գործիքները։ Եվ քանի որ դա չի անում, հետևաբար՝ նրա ասածը մերկապարանոց շահարկում է։

Պոպուլիստական է նաև նրա՝ «երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար» արտահայտությունը։ Օրակարգի հասունացման պատրվակով անելիքը հետաձգում են վախկոտները, ժողովրդի թիկունքում չբարեկամների հետ հակապետական գործարքներ կնքողները։ Իսկ ընդհանրապես՝ քաղաքական օրակարգը հասունացնում են իշխանությունները։ Նրանց կողմից նաև շրջանցվում են օբյեկտիվորեն հասունացած հարցերը։ ՀՀ իշխանությունը նախընթաց տասնամյակներում բազմիցս է ապացուցել, որ կարող է շրջանցել ամենահասուն օրակարգը և անսպասելի օրակարգ ձևավորել։ Ամենաթարմը ՀԱՊԿ-ից դուրս գալու և ԵՄ անդամակցելու հայտ ներկայացնելու հարցերն են, որոնք շատ վաղուց հասունացած են։ Բազմաթիվ հարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի մեծ մասը կողմ է, որ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵՄ մաս կազմի։ Այս մասին հայտարարում են նաև նույն ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաները։ Բայց ՔՊ-ական իշխանությունն այս ուղղությամբ գործնական ոչինչ չի անում, որովհետև չի համարձակվում խախտել Մոսկվայի հետ 2018-ի իշխանափոխության ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունները։ Այնպես որ՝ հասունացած օրակարգի մասին խոսքը դատարկ շահարկում է։

Պարզ ասած՝ ժողովրդին իշխանափոխության թեմայով գրգռելն իմաստ չունի։ Պետք է հավասար պայմաններ ստեղծել քաղաքական գաղափարների, ծրագրերի ներկայացման, մրցակցության համար, չեզոքացնել վերը թվարկված արտաքին միջամտության գործիքները։ Այս պայմանների բավարարման դեպքում ժողովուրդը հնարավորություն կունենա լեգիտիմ իշխանություն ձևավորել։ Հետևաբար՝ ժողովուրդը կուզենա իշխանափոխություն անել, երբ այս պայմանները բավարարվեն։ Քանի դեռ դրանք չկան, իշխանություն ձևավորման հարցում ժողովրդի ընտրությունն ազատ, անկաշկանդ չէ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում