copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:30 25-05-2024

Իրական Հայաստանը և նահատակները․ ում է փառք տալիս Նիկոլ Փաշինյանը

Երեկվա անբովանդակ ուղերձում Նիկոլ Փաշինյանը, փորձելով արդարացնել իր ստանձնած «սահմանազատումը», քննադատեց մինչև իր կառավարումը գոյություն ունեցած Հայաստանը։

Նախափաշինյանական հայկական երկու պետականությունները ձևավորվել և առաջընթաց են ունեցել պայքարի ու այդ պայքարում գործած անօրինակ սխրանքների շնորհիվ։ Հաղթանակները, որ գրանցել է հայ ազգը, ցավոք՝ առանց նահատակների չեն եղել, և երեկ ունեցած իր ելույթը, ինչքան էլ տարօրինակ լինի, բայց Նիկոլ Փաշինյանն ավարտում է «փառք նահատակներին» արտահայտությամբ։

Հակասությունն ակնհայտ է․ հերքելով հայոց պատմությունն առհասարակ՝ իր վերելքներով և անկումներով, Նիկոլ Փաշինյանը փաստորեն արժեզրկում է զոհվածների հիշատակը, բայց և հընթացս «արժևորում» այն։

Փաշինյանն իր ընդդիմախոսներին մեղադրում է «իրական Հայաստանը» չտեսնելու մեջ։ Այդ անտեսումը, եթե փաշինյանական խոսույթն ենք օգտագործում, պարզ ժխտողականություն չէ, այլ վտանգավոր պրակտիկա, սադրանք՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային, որոնցից Փաշինյանը Հայաստանի մասով «կադաստրի թուղթ» է ակնկալում։ Այսինքն, եթե մի կողմ ենք դնում նահատակներին, որոնք, չգիտես ինչու, փառաբանվում են Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա ունենք ադրբեջանա-թուրքական կադաստրով հաստատված Հայաստան։

Բայց եթե նահատակները խանգարում են կադաստրային գործընթացին, ապա ինչու՞ է Փաշինյանը փառաբանում նրանց։

Ըստ իս, երեկվա ուղերձն այն տեսքով, որ արտասանվեց, ընդհանրապես վերջին պահին թխված տեքստ էր՝ «պլան Բ»։ Մամուլում տարածված է այն կարծիքը, որ նախապես Փաշինյանը մտադիր էր քննադատելով քարուքանդ անել Բագրատ Սրբազանի շարժումը, հայտարարել արտակարգ դրություն և ուժայիններին հրամայել կիրառել արտակարգ դրությամբ նախատեսված բոլոր սահմանափակումները։ Սակայն քանի որ ուժայինների ղեկավարները լուրջ կասկածներ էին հայտնել հայտարարվելիք արտակարգ ռեժիմին և դրանից բխող գործնական քայլերի կիրարկմանը, ապա Փաշինյանի տեսագրված ուղերձն ունեցավ այլ բովանդակություն, որտեղ նա, այնուամենայնիվ, պախարակեց բոլոր նրանց, ով իր համոզմամբ՝ «չսահմանազատված» Հայաստանին է կողմնակից։ Միաժամանակ, ըստ երևույթին ելնելով ապրիորի ամբոխավար խառնվածքից, նա ուղերձն ավարտեց «փառք նահատակներին» բառերով։

Սա կարող է լինել փաշինյանական սովորական հակասություններից մեկի բացատրություն, եթե հաշվի չառնենք մեկ այլ՝ այս անգամ արդեն չարագուշակ հանգամանք։

Օրինակ, մեծ հարց է, թե Փաշինյանի փառաբանությունն ում է ուղղված՝ նրա՞նց, ում անձնուրաց նահատակության շնորհիվ ստեղծված Հայաստանը Փաշինյանը համարում է արդեն պատմական, թե՞ իր քինախնդիր բնավորության և աթոռն ամեն գնով պահելու մղումով՝ ուժայինների և ժողովրդի միջև բախումների հետևանքով հնարավոր զոհերը, որոնց նահատակությունն ուղղված կլինի Փաշինյանի իշխանության շարունակմանը։

Որևէ այլ ղեկավարի հարցում այսօրինակ հարցադրումն ինքնին կլիներ ավելորդ և գուցե հանցավոր, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի դեպքում։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված