Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:24 05-05-2024

Ինչո՞ւ է Ադրբեջանը «Ղարաբաղի դատախազություն» ստեղծել

Ադրբեջանական օկուպացիոն իշխանությունների որոշմամբ Արցախում ստեղծվել է «Ադրբեջանի դատախազության Ղարաբաղի տարածքային մարմին, նստավայրը՝ Խանքենդի»։

Նախարարների խորհրդին հանձնարարվել է «Խանքենդիի դատախազին ապահովել վարչական շենքով, նյութա-տեխնիկական միջոցներով, սարքավորումներով, կապի միջոցներով, տրանսպորտով, ինչպես նաև ապահովել որոշումից բխող այլ հարցերի լուծումը»։

Հաղորդվում է նաև, որ նորաստեղծ դատախազական մարմինը քննության է առնելու «ազատագրված տարածքներում հայտնաբերված բազմաթիվ ապօրինի շրջանառված իրերի, զենք-զինամթերքի դեպքերը»։

Դրան զուգահեռ, ադրբեջանական մամուլում շրջանառվում է «Խանքենդիի դատախազին» հանձնարարված մեկ այլ խնդրի մասին տեղեկությունը։ Մասնավորապես, խոսքը գնում է «հայ անջատողական ռեժիմի կողմից օկուպացված տարածքներում» գործունեության ծավալած իշխանության մարմինների կատարած «ապօրինի գործողությունների» հաշվառման մասին։ Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության կենտրոնական և տարածքային մարմիններում ընդունված որոշումների «օրինականությունը» (ադրբեջանական վարչական շրջանակների մեկնաբանմամբ՝ «ապօրինությունը» - հեղ․) ստուգելուն։

Կարելի է ենթադրել, որ համաձայն այս հրահանգի, ադրբեջանական դատախազությունը կսկսի ուսումնասիրել Արցախում ընդունված օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի փաթեթները և դրանք հայտարարելով «օրենքից դուրս»՝ քրեական հետապնդում սկսի իրավաստեղծ մարմինների նկատմամբ։ Խոսքը վերաբերում է, օրինակ, ֆինանսական գործողություններ սահմանող փաստաթղթերին, որոնք, Ադրբեջանի կարծիքով, տասնյակ միլիարդավոր դոլարների «վնասներ» են հասցրել այդ երկրին։

Հավանական է նաև Ադրբեջանի՝ առաջիկայում առաջադրած պահանջը, Հայաստանի տարածքում գտնվող Արցախի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պաշտոնատար անձանցից ոմանց արտահանձնելու մասին։ Նրանք կարող են մեղադրվել «Ադրբեջանի ընդերքի և վերգետնյա հարստությունների ապօրինի շահագործումը կազմակերպելու և ղեկավարելու մեջ։

Այս վարկածների անհապաղ կամ հետաձգված կենսագործման համար մեծ է Ադրբեջանի ներկայիս տարածքային պահանջների կատարման անխոչընդոտ ընթացքի նշանակությունը․ այն կարող է առայժմ զսպել Իլհամ Ալիևի՝ Արցախի սուբյեկտայնության մերձակա և հեռակա բոլոր վկայությունների ոչնչացման ցանկությունը, բայց վերջնարդյունքում գալու է նաև նմանօրինակ պահանջի առաջադրումը։

Ըստ էության, Արցախի պետության իրական ոչնչացման համար ամենադժվար փուլն Ալիևը հաղթահարել է արդեն 2023 թվականի սեպտեմբերին, հաջորդիվ փորձելու է ապահովել Արցախի անցյալի իրավական հիմքերն «օրենքից դուրս» հայտարարելու և ցուցադրաբար այդ շտեմարանն ստեղծողներին «պատժելու» մասը, ինչի նախապատրաստական աշխատանքները կատարելու համար էլ ստեղծվել է «Ադրբեջանի դատախազության Ղարաբաղի մարմինը»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան