Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:11 15-04-2024

Աննա Հակոբյանին հաջողվել է 42 միլիոն դրամ հավաքել

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած և ապրիլի 14-ին կայացած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքի հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին: Այս մասին տեղեկացրին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից։

«Ընթրիքին մասնակցել է 42 կայացած կին գործարար, ինչ էլ նշանակում է՝ 42 սկսնակ կին գործարար առաջիկայում կստանա 1-ական մլն դրամ ֆինանսական աջակցություն բիզնեսը զարգացնելու համար։

«Արդյունքը գոհացնող է, մենք ակնկալում էինք 40-50 մասնակից, ունեցանք 42-ը, որը համարում ենք լավ ցուցանիշ՝ հաշվի առնելով, որ սա նմանատիպ առաջին միջոցառումն էր», - նշել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը։

Միջոցառումը անցկացվել է «ԱրմԱս» գինու գործարանում: Գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և երեկոյի հյուրերը շրջայց են կատարել գործարանի տարածքում և ծանոթացել գինու արտադրության ողջ գործընթացին:

Շրջայցից հետո հյուրերը մասնակցել են ցուցահանդես-վաճառքի, որտեղ 9 սկսնակ կին գործարարներ ներկայացրել են իրենց արտադրանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը դեռ երեկ էր տեսանյութ հրապարակել, որտեղ երևում են ընթրիքին ժամանող անձանց գերթանկարժեք ավտոմեքենաները, ոչ պակաս թանկարժեք համարանիշներով։