copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:45 04-04-2024

Սիրելի քույրերն ու եղբայրները քյուլին կլոխդ․ փաշ(ինյան)իզմի ռասիզմը

Նիկոլ Փաշինյանի բառամթերքով ձևավորվել է երկարաշունչ, կիսասիրալիր, կիսահեգնական մի ձևակերպում։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրեր և եղբայրներ»․ սա է դարձել Հայաստանի ղեկավարի և նրան ենթակա կառավարության բանաձևը։

Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարարը ներկայացրեց ոսկու գրավադրմամբ ստացված վարկերի մինչև 5 մլն կազմող մնացորդային պարտավորությունների ներման հարցը։ Նախարարը սխալմամբ, թե դիտմամբ, օգտագործեց «քաղաքացիներ» եզրույթը՝ ակնարկելով ծրագրի շահառուներին։ Եվ Նիկոլ Փաշինյանն իր նախարարի յուրաքանչյուր «սայթաքման» (իսկ դա ընդամենը 2 անգամ տեղի ունեցավ) վրա կենտրոնացավ՝ ամեն անգամ բառ առ բառ, ճիշտ հերթականությամբ, արտասանելով՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրեր և եղբայրներ»։

Հավանաբար Հայաստանի վարչապետն անգամ քնած վիճակում է կրկնում այդ արտահայտությունը, որ նման կերպով՝ անգիր ասում է։ Եվ ոչ միայն ինքն է ասում, այլ ըստ երևույթին՝ ստիպում է, որ գործադիր իշխանության (թեև՝ օրենսդիրն էլ անպայման հաշվի կառնի այդ պահանջը – հեղ․) անդամները գիտակցեն, որ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրեր և եղբայրները» դեռ չեն հասել փաշինյանական Հայաստանի քաղաքացի լինելու պատվին։

Պե՞տք է, արդյոք, սա համարել ներհայկական ռասիստական դրսևորում։ Չէի ցանկանա այդքան կտրուկ գնահատականներ տալ, իհարկե, բայց նայելով Փաշինյանի ջանադիր ասմունքին՝ տպավորություն է ստեղծվում, որ նա իր ենթականերին փորձում է փրկել կործանումից, որը կառաջանա, եթե նրանք սխալմամբ համարեն Արցախից Հայաստան տեղահանված անձանց։

Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին՝ վարչապետի պաշտոնում միակ թեկնածուի կարգավիճակով փրփրաբերան ապացուցում էր հիմնականում ՀՀԿ-ական խորհրդարանին, որ վարչապետը չի կարող լինել ամենալավ օդաչուն, մեքենավարը, զինվորը, և այլն․․․ Հիմա պարզվում է, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, թեև չի հանդիսանում լավ օդաչու, կամ զինվոր, բայց եզրութաբանությունից գլուխ է հանում և պահանջում է, որ «սևին սպիտակ չասեն»։

Հուսանք, որ հասկանալի է, որ «սև-սպիտակ»-ը փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն է։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը