copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:33 24-03-2024

Գնում ենք դեպի «իրական Հայաստան»

«Քաղաքացիական պայմանագրի» և «Հայրենիքի մնացորդի» ղեկավարը Գյումրիում հանդես է եկել հերթական երկարաշունչ ճառով, որտեղ, իր խոսքով, բացատրել է «պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան անցման ընտրության» անհրաժեշտությունը։
Բառերի տարափը, որը տեղացել է ճառախոսը, ըստ ամենայնի՝ լսարանին գցել է տարակուսանքի ճահիճ, որտեղ նրանք գտնվել են այդ ամբողջ ընթացքում։

Քանի որ ժողվարչապետը մեկ անգամ չէ հայտարարել, որ ինքը ներկայիս Հայաստանի ղեկավարն է, այլ ոչ թե պատմական Հայաստանի, ապա ստացվում է, որ նա մի օր էլ շատ հանգիստ կարող է հրահանգել, որ պահն է հրաժարվելու հայոց լեզվից։ Թեկուզ այն պատճառաբանությամբ, որ մեր ոսկեղենիկ լեզվով այնքան ստեղծագործություններ են գրվել, որոնք իրենց իմաստով տարածքային պահանջներ են ներկայացնում ում պատահի, ուստի դրանով խոսելն էլ է վտանգավոր, մտածելն էլ։ Եվ, ընդհանրապես, հայոց լեզուն բոլորովին չի արտացոլում «իրական Հայաստանի» (այսինքն «հայրենիքի մնացորդի») ներուժը, նպատակներն ու խնդիրները, որոնք, այս «քանդվող աշխարհի» իրողությունները ծանրութեթև անելով, առաջադրել է ինքը։

Խորհրդային կինեմատոգրաֆիան ունի մի բարի կատակերգություն՝ «Անուղղելի ստախոսը», որի հերոսը հայտնվում է անհավատալի հանգամանքներում, որոնց մեկնաբանություններին հավատացող չի լինում։ Կինոնկարն, իհարկե, «հեփի էնդ» ունի, բայց այդ երջանիկ ավարտը Հայաստանին՝ լինի դա իրական, թե մտացածին, «չի սպառնում», եթե «Հայրենիքի մնացորդը ղեկավարողը» շարունակի գտնվել երկրի ղեկին։

Այսօր, իր ասած՝ «տեկտոնական շարժերի» այս ժամանակահատվածում, երբ անհրաժեշտ է լինել «ճկուն, թե չէ՝ կկոտրվես», Հայաստանը «ճկվում է» բոլոր կողմերի վրա և բոլորի կողմից։ Մենք մեր տարածաշրջանում դարձել ենք անելիքը չիմացող ողորմելի մի խումբ, որն անընդհատ կորցնում է ունեցածը, փոքրանում․․․ Եվ դրա վերջը չի երևում, թեև համոզում են, որ շուտով գալու է «խաղաղության դարաշրջանը» և մեզ՝ «խաղաղության խաչմերուկում» գտնվողներիս, բերելու է անթիվ-անհամար բարիքներ, ու էլի շատ ու շատ լավ բաներ։

Եվ մենք նեղություն չենք մտորում, թե ինչի հաշվին կգա խաղաղությունը, ինչպես ձեռք կբերենք բարեկեցություն, անվտանգություն և ապահով կյանք։ Մեզ, ըստ երևույթին, չի հուզում խաբված լինելը՝ գուցե նրա համար, թե համոզված ենք, որ հետո պատասխանատվությունը կդնենք խաբողի վրա՞։ Բայց կգտնե՞նք նրան։

Ինչևէ, գնում ենք դեպի «իրական Հայաստան», որտեղ չկան Արցախը, Տավուշի «անկլավները», Տիգրանաշենը, Սև լճի կեսը, Իշխանասարը․․․ Նրանք գնացել են Կարսի, Մուշի և Արդահանի մոտ և այլևս տեղ չունեն «իրական Հայաստանում», որը «զտվում» և «մաքրվում» է, և գործընթացի ավարտին՝ երբ ստանա «կադաստրի թուղթը»՝ այդ ժամանակ արդեն կարձանագրենք, որ ՔՊ-ն կատարել է իր առաքելությունը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
15:11 Տիգրանաշենի մասին խոսելիս պետք է հստակ խոսենք նաև Արծվաշենի մասին. պատմաբան
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան