copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 11:30 08-01-2024

Շատ հին վեճ, որը նորոգվեց ՔՊ-ի մեջ

Այս վեճը ծագել է 4-5-րդ դարերում։ Առաջին քրիստոնյաները վիճում էին, թե ի՞նչն է առաջնային՝ կամքի ազատությո՞ւնը, թե՞ Աստծո շնորհը։ Պելագիոսը (354–418), որը հետագայում դասվեց աղանդավորների շարքը, համարում էր, որ կամքի ազատությունն առաջնային է։ Օգոստինոս Երանելին (354–430) ստորադասում էր ազատ կամքը, համարելով, որ ամենագետ ու ամենազոր Աստծո շնորհն է առաջնային, և ամեն ինչ նախասահմանված է։ Վեճը 5-րդ դարում հանգուցալուծվել է հօգուտ Աստծո շնորհի, իսկ 17-18-րդ դարերում՝ հօգուտ կամքի ազատության։ Գիտական, կրոնական շրջանակներում այս վեճը վաղուց չկա, բայց ՔՊ-ական իշխանավորի մեջ դեռ կա։

ՔՊ-ական իշխանավորը մեկ-մեկ հավատում է, որ ազատ է քաղաքականություն որոշելու հարցում, այսպես ասած՝ ազատ կամք ունի։ Իսկ մեկ-մեկ կասկածում է, որ ինքնուրույն է քաղաքականություն որոշում, կաշկանդվում է, պասիվանում, թուլանում ու հաճույք ստանում, երբ խոսքը վերաբերում է արտաքին և անվտանգային հայեցակարգերին, որոնք վաղուց չեն արտացոլում իրականությունը։ Իշխանավորը չի փորձում փոփոխել դրանք։ Այդպիսով՝ տպավորություն է ստեղծում, թե բախվել է նախասահմանվածության բարդույթին։ Նրան հավանաբար՝ թվում է, թե ոչ թե ինքն է որոշում, այլ իր միջոցով մեկ ուրիշը, այսինքն՝ ակամա կատարում է ուրիշի կամքը։ Եվ այդ ուրիշն այնքան զորեղ է ու ահավոր, որ ինքն անուժ է նրա անունը տալու, առավել ևս՝ կարծիք հայտնելու, կամ գոնե ասելու՝ «Մի րոպե՛»։

Նախասահմանվածության բարդույթը ժամանակակից քաղաքական համակարգերում ձևափոխվում է գործակալի բարդույթի։ Այսինքն՝ եթե իշխանավորը ստորադասում է իր ազատ կամքը, ապա կատարում օտարի թելադրանքը։ Ու թեև ՔՊ-ականը չի կարողանում քաղաքական կամք դրսևորել արտաքին կամ անվտանգային քաղաքականության ոլորտներում, բայց ջանք է գործադրում, որ տպավորություն չստեղծվի, թե ՀՀ-ում իշխանություն չկա, կամ բոլորը գործակալ են։ Այս նկատառմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինքնադրսևորվել ներքին հարցերում։

Օրինակ՝ այցելում է նորոգված դպրոց և դիտողություն անում մարզադահլիճում բասկետբոլի օղակի վերաբերյալ, նախարարին պատվիրում իմանալ ցնցուղի շուկայական գինը։ Այսպես ակնարկում է, թե կառավարությունը մտադիր է վերանորոգող շինարարից հետ ստանալ փոխանցված գումարը։ Դա փոքր գումար է, որը շինարարները կարող են հետ վերադարձնել պետբյուջե։ Բայց ՔՊ-ականը չի փորձում հետ ստանալ սպառազինության համար ՌԴ-ին վճարած ահռելի մեծ գումարները։ Հարկատուների միջոցներից 100 միլիոնավոր դոլարներն ուղարկում է օտար երկիր և անմեղ հայացքով նայում ժողովրդին, որովհետև այս հարցերում նրան թվում է, թե կամք չունի, ամեն ինչ նախասահմանված է։ Իսկ ցնցուղի կամ բասկետբոլի օղակի վերաբերյալ սկզբունքայնություն կարող է դրսևորել։

Ու եթե այս համատեքստում ենք դիտարկում Նիկոլ Փաշինյանի՝ Ճրագալույցի երեկոյան կարդացած Դավթի սաղմոսը, ապա այն տպավորություն է թողնում, թե թշնամիները ոչ թե մեր հայրենիքի մի հատվածը զավթած, մեր ժողովրդի ազատությունը, ինքնիշխան իրավունքները չճանաչող երկրներն են, այլ այն շինարարնը, որը վատ շինարարություն է արել կամ մի քանի հազար դրամ գրպանել։

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ՔՊ-ական իշխանավորը քաղաքական կամք ունի և կարող է կիրառել ամենաշատը՝ դպրոցների վերանորոգման հարցերում։ Իսկ արտաքին, անվտանգային, արտաքին ներդրումների, կարճ ասած՝ մյուս բոլոր հարցերում նա կամազուրկ է, քանի որ կարծում է, թե ինքը չի որոշում, ամեն ինչ նախասահմանված է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
17:11 Շվեդիան ավիացիա է կիրառել՝ Բալթիկ ծովի վրա ռուսական ռազմական ինքնաթիռների պատճառով