copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:19 10-11-2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի մարդկային ռեսուրսների զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխայիլ Ռուտկովսկիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին, Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին երկարատև, շարունակական և արդյունավետ համագործակցության համար: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթական համակարգում գրանցվող հաջողությունները համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունք են:

«Նախորդ տարի հաստատվել է ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, և այժմ ակտիվ բարեփոխումների փուլում ենք կրթական բոլոր մակարդակներում: Սա, իհարկե, մեծ ծավալի աշխատանք է ենթադրում, որտեղ փորձագիտական աջակցությունը շատ կարևոր է: Համաշխարհային բանկի հետ արդեն իսկ մեծ աշխատանք ենք իրականացրել նաև հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման և ներդրման տեսանկյունից: Ուրախ եմ մեր շարունակական համագործակցության առիթով: Մեր բարեփոխումների մեծ օրակարգին միանում է նաև բարձրագույն կրթության ոլորտը, որտեղ ևս բազում անելիքներ կան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի առջև ծառացած հիմնական խնդիրները՝ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 30 հազար աշակերտների և ուսանողների կրթական իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին՝ նշելով, որ երեխաների ներգրավումը կրթական հաստատություններում պետության ուշադրության ներքո է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ակադեմիական քաղաքի ձևավորման ծրագրին:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս ուղղություններով մեծ ծավալի բովանդակային և ենթակառուցվածքային աշխատանք պետք է իրականացվի, որտեղ միջազգային գործընկերների աջակցությունը նշանակալի դերակատարություն կունենա:

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի մարդկային ռեսուրսների զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխայիլ Ռուտկովսկին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ բարդ և դժվարին այս ժամանակներում Հայաստանը շարունակում է կրթական բարեփոխումները:

«Մարդկային կապիտալի զարգացումը ՀԲ առաջնահերթություններից է: Վստահ ենք՝ կրթական ոլորտի բարեփոխումներն ուղղակիորեն կնպաստեն երկրի ընդհանուր զարգացմանը»,- ասել է Ռուտկովսկին՝ վերահաստատելով Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ շարունակական աջակցության և օժանդակության տրամադրման հարցում:

Միխայիլ Ռուտկովսկին բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը կրթական ոլորտի բարեփոխումների, Հանրակրթության պետական նոր չափորոշչի փորձարկման ու ներդրման համատեքստում՝ ընդգծելով, որ արդյունքները բավականին տպավորիչ են:

Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքները:

Դիտարկումը ցույց է տվել, որ Տավուշում, որտեղ առաջինն է ներդրվել հանրակրթության պետական չափորոշիչը, նկատելի է կրթության որակի առաջընթաց: Ըստ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների՝ վերլուծությունը փաստում է, որ հանրակրթության պետական չափորոշչի ամբողջական ներդրումը կրթության որակի բարելավման տեսանկյունից դրական արդյունք կապահովի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հետագա հեռանկարներն ու հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը