Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 21:16 02-11-2023

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են միլիոնավոր բարբարոսների սվինները․ Միքայել Նալբանդյանի ծննդյան օրն է

Նա լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը, կրթության և դաստիարակության ոլորտում բացառիկ դեր հատկացրել մայրենի լեզվին: Շարունակելով Խաչատուր Աբովյանի ավանդույթները՝ պայքարել է աշխարհաբարի ամրապնդման և զարգացման համար, բանտում սկսել է գրել աշխարհաբարի քերականությունը:

Այսօր Ազատության երգիչ Միքայել Նալբանդյանի ծննդյան օրն է։

«Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեփական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:



Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

Հայոց լեզու, դու մեր անկողոպտելու գանձը եղար, մեր անընկճելի հայրենիքը: Մեր ժողովուրդը կորցրեց գահ և թագ, զորք և իշխանություն, ավեր եղան և ավար մեր բերդերն ու քաղաքները, ավար եղան մեր ինչքն ու գույքը, բայց դու մնացիր միայն կանգուն, մնացիր հաղթական: Ցնցոտի հագավ մեր ժողովուրդը, բայց դու ծիրանով ծածկեցիր նրա հոգին, թշնամին ջախջախեց նրա սրունքը, դու թևեր տվիր նրան` ժողովրդին»,- վստահ էր Նալբանդյանը:

Նալբանդյանը սերունդների հիշողության մեջ մնացել է որպես ազատության զինվոր և գաղափարի նահատակ: Նրա կերպարին անդրադարձել են արվեստում և գրականության մեջ: Նրա մասին Հովհաննես Թումանյանը գրել է. «Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա... և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը»:



Նալբանդյանի ստեղծագործության բարձրակետը հրապարակախոսությունն է («Երկու տող», 1861 թ., «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», 1862 թ., «Հեգելը և նորա ժամանակը», 1863 թ., և այլն). վերլուծել է ժամանակի ազգային-հասարակական կյանքի երևույթները, արծարծել տնտեսական, քաղաքական, մշակութային, փիլիսոփայական հարցեր: Նա արևելահայ և արևմտահայ հատվածների հասարակական կյանքի երևույթները քննել է համազգային շահերի ու հեռանկարների տեսանկյունից: Քննադատելով հոգևոր դասի գործունեությունը՝ չի ժխտել եկեղեցու դրական դերը հայոց պատմության մեջ:

Նալբանդյանը իբրև «կասկածելի գործիչ» բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը. անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866 թվականի մարտի 31-ին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել