copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:10 20-10-2023

Արցախից բռնի տեղահանված վարորդները կտուգանվեն միայն իրազեկումից հետո

Ըստ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» տրամադրած տվյալների 2023 թվականի սեպտեմբերի 19-ին թշնամի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա հարձակման հետևանքով բռնի տեղահանված անձանց թիվը գերազանցում է 100․000-ը, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվն էլ՝ 21․000-ը:

Արցախում բազմաթիվ տրանսպորտային միջոցներ կային, որոնք շահագործվում էին բացառապես գյուղական բնակավայրերում, չունեին ապահովագրություն, չէին անցել տեխզննում, որոշներն էլ չունեին պետհամարանիշներ։

Նշենք, որ Արցախի Հանրապետությունում արգելված չէր նաև տրանսպորտային միջոցը մգեցված ապակիներով վարելը։

Oragir.News-ը Ոստիկանությանը գրավոր հարցում էր ուղարկել, հետաքրքրվել, Հիմա, երբ նշված տրանսպորտային միջոցները գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, արդյոք Ոստիկանությունում քննարկվե՞լ է, թե ինչպես են վարվելու նշված տրանսպորտային միջոցների հետ, տուգանքներ կիրառվելո՞ւ են, թե՞ ոչ։ Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան նշել են․

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների տրանսպորտային միջոցների վարորդներին պարեկային ծառայողները իրազեկում և նախազգուշացնում են հեռացնել, առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ՀՀ օրենսդրությանը համապատասխան կատարել տեխզննություն և կնքել ԱՊՊԱ պայմանագրեր այսինքն՝ առաջնահերթությունը տրվում է, ոչ թե պարզապես վարորդներին պատասխանատվության ենթարկելուն, այլ՝ երթևեկության և անվտանգության ապահովմանը։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից նորմի իրավակիրառությանը նախորդում է քաղաքացիների շրջանում թիրախային իրազեկման աշխատանքերի իրականացումը։

Նշված միջոցառումը ենթադրում է նախազգուշացման ինստիտուտի կիրառում, այլ ոչ թե վարչական պատասխանատվության ձև: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը իրականացնում է.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը, ընդունված որոշման կատարումն ապահովելը, ինչպես նաև վարչական իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելը, իրավախախտումները կանխելը, քաղաքացիներին օրենքները պահպանելու ոգով դաստիարակելը, սոցիալական օրինականությունն ամրապնդելը:

Իրավանորմի կիրառումը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների շրջանում անցնցում և դյուրին իրականացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն ապահովելու է ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի այն՝ բոլորը հավասար են օրենքի առջև դրույթը, որի շրջանակներում նախազգուշացում է կիրառվում բացառապես բոլոր քաղաքացիների նկատմամբ: Միաժամանակ վերը նշված իրազեկման բավարար աշխատանքների կատարումից հետո է միայն Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների նկատմամբ կիրառվելու տուգանքը՝ որպես վարչական պատասխանատվության ձև: Այսպիսով՝ վերոգրյալը նպատակ է հետապնդում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների ապահովումը, այն է՝ ոստիկանության կողմից հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը»:

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը