copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 12:17 13-09-2023

«Փյունիկը» դիմել է հանրությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և երկրի ղեկավարությանը՝ ՀՖՖ-ի գործողություններին գնահատական տալու համար

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՖՖ-ի այն որոշումներին, որով ակումբը փաստացի զրկվել է 2 մարզադաշտերում (Աբովյանի «Քաղաքային» և Արմավիրի) տնային հանդիպումներ անցկացնելու իրավունքից։

Հայտարարությունը՝ ստորև․

«Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Փյունիկ ՖԱ»-ին տեղեկացրեց Հայաստանի առաջնության տնային հանդիպումների համար օգտագործվող Աբովյանի մարզադաշտի վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման, ինչպես նաև պահեստային համարվող Արմավիրի մարզադաշտի տրամադրումը մերժելու մասին։ Այդ կերպ նրանք զրկեցին ընթացիկ մրցաշրջանի առաջատարին առաջնությանը հավասար պայմաններում մասնակցելու հնարավորությունից և իրավունքից, որի կազմակերպման համար պատասխանատու է հենց ՀՖՖ-ն:

Որպես պաշտոնական հիմնավորում՝ ներկայացվեց ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի՝ հարցազրույցներում բարձրացված գնահատողական դատողությունների տեսքով խնդիրները։

Կոնֆերենցիաների լիգայի տնային հանդիպման վայրը փոխելու հետևանքով շատ երկրպագուներ չեն կարողացել ներկա գտնվել «Փյունիկ»-«Կալմար» պատասխան հանդիպմանը Աբովյանի մարզադաշտում։ Բացի դրանից, մեր ակումբի ղեկավարությունը ստիպված էր որոշում ընդունել «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» հանդիպման մուտքը երկրպագուների համար դարձնել անվճար ու փոխհատուցել արդեն գնված տոմսերի արժեքը։ Այս քայլին ակումբը գնաց այն բանից հետո, երբ մեզանից անկախ հանգամանքների արդյունքում փաստացի ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ՝ կապված տոմսարկղերում վաճառքի կազմակերպման հետ, այդ իսկ պատճառով՝ ի շահ հայ ֆուտբոլասերի, ակումբը կայացրեց օպերատիվ որոշում։

Այս փաստական հանգամանքները երբեք գաղտնի տեղեկատվություն չեն եղել և լայնորեն քննարկվել են երկրպագուների շրջանում, բայց, այնուամենայնիվ, հերթական անգամ արժանացան ՀՖՖ ղեկավարների ոչ համարժեք արձագանքի՝ համաձայն մեր կարծիքի: Սա, ցավոք, ՀՖՖ ղեկավարության նման քայլերի միակ օրինակը չէ ՝ ի պատասխան ակումբի կողմից իրենց աշխատանքի մասին հնչեցված գնահատողական մի շարք դատողությունների, չնայած մեր երկրում խոսքի ազատության իրավունքի իրացումը ոչ մի ձևով չի չեղարկվել։ Մեր քննադատական դիրքորոշումը ուղղված է բացառապես ազգային ֆուտբոլի առաջընթացին։ Բայց կառուցողական երկխոսության փոխարեն ՀՖՖ-ի ղեկավարներից ստանում ենք այսպիսի որոշումներ, որոնք ժամանակ առ ժամանակ վնաս են պատճառում ոչ միայն մեր ակումբին, այլև ընդհանրապես հայկական ֆուտբոլի իմիջին միջազգային ասպարեզում:

ՀՖՖ-ի ղեկավարության վերջին որոշումն ընդդեմ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և մեր երկրպագուների չի տեղավորվում ոչ մի քաղաքակիրթ նորմայի մեջ: Մենք պահանջում ենք չեղարկել սպորտային էթիկայի շրջանակներից դուրս եկող այս հակաֆուտբոլային որոշումը, որը տարակուսանք առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Կոչ ենք անում ՀՖՖ-ի ղեկավարությանը կենտրոնանալ իրենց անմիջական պարտականությունների կատարման վրա, այդ թվում ՝ Հայաստանում արդար, անկողմնակալ առաջնություն կազմակերպելու և անցկացնելու վրա։

Հայտարարում ենք, որ պաշտպանելու ենք մեր իրավունքները օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչպես Հայաստանում, այնպես էլ համապատասխան իրավասություններ ունեցող բոլոր միջազգային ատյաներում:
Կոչ ենք անում հանրությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և երկրի ղեկավարությանը գնահատական տալ ՀՖՖ-ի գործողություններին: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խաղադաշտում ընդամենը 11 հոգի և մարզիչ չէ, այլ ավելի քան 1500 երեխա, նրանց ծնողները, աշխատակիցները և մեր երկրի անունը, որը մենք տարիներ շարունակ պատվով պահում ենք ամենաբարձր մակարդակում։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայկական ֆուտբոլի պատմության մի մասն է, մեր վաստակաշատ ֆուտբոլիստների արժեքներն է, ժառանգությունն է մեր երեխաների ու գալիք սերունդների համար: Այս ամենին անդառնալի վնաս է հասցվում։

Մենք մնում ենք թիմ ամենաբարդ ժամանակներում և ապավինում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն հայկական ֆուտբոլի ճակատագրի հանդեպ։

Հարգանքներով՝
«Փյունիկ ՖԱ»»

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը