copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:35 24-07-2023

ԱՀ նախագահը եռակողմ հանդիպմանն ընդառաջ կոչով դիմել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներին՝ 2023 թ. հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպմանն ընդառաջ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած տեքստն ամբողջությամբ հրապարակվում է ստորև.

«Կրկին ահազանգում եմ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 225-օրյա շրջափակման, այդ թվում՝ 40-օրյա լիակատար պաշարման և դրա հետևանքով Արցախում սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետի անհապաղ վերացման անհրաժեշտության մասին:

Խստագույնս դատապարտելի է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման, կողմերի միջև փոխվստահության միջավայրի ձևավորման փոխարեն Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքական օրակարգի իրականացման հիմնական գործիքներից են Արցախի Հանրապետության շրջափակումն ու արդեն լիակատար պաշարումը, կենսական ենթակառուցվածքների շարունակական խափանումը և անթաքույց ցեղասպանական քաղաքականության վարումը:

Ընդգծում եմ, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների : Պատերազմից հետո Արցախի ժողովուրդը հավատացել է Եռակողմ հայտարարությամբ ամրագրված երաշխիքներին և հատկապես ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությանը՝ վերադառնալով հայրենի տներ ու ձեռնամուխ լինելով կյանքի վերականգնմանը:

Լիազորված իմ ժողովրդի կողմից տրված իշխանության մանդատով՝ պահանջում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ առնվազն Եռակողմ հայտարարությամբ դրա Կողմերի ստանձնած պարտավորությունների շրջանակում: Մեր ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները:

Ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին Եռակողմ հայտարարության կողմերի կողմից անհապաղ կերպով չկարգավորվելու դեպքում վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասն ընկնում է հենց նրանց վրա։

Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել