copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:30 05-06-2023

Քյարքին Ադրբեջանին տվել է Ալեքսանդր Մյասնիկյանը

Ցավոք Հայաստանի 1922 թ-ի բնակավայրերի ցանկում բացակայում են այսպես կոչված անկլավների անվանումները։ Այս մասին Oragir․News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը։

«Այսինքն, 1922 թ-ին այդ գյուղերը պատկանել են Ադրբեջանին, քանի որ հայկական պաշտոնապես հրապարակված բնակավայրերի ցուցակում այդ բնակավայրերը չկան»։



Նա ընդգծեց, որ մինչ Կարսի և Մոսկվայի պայմանագրերը Քյարքին կամ Տիգրանաշենրը Հայաստանի տարածքում են եղել։

«Քյարքին մտնում էր Սարդարակի գյուղական համայնքի մեջ՝ Ասնի գյուղի հետ միասին, 1922 թ-ի Մոսկվայի պայմանագրով Քյարքին Սադարակի հետ միասին անցել է Ադրբեջանին։ Ինչպես հիմա, այնպես 20-ական թթ-ին ՀՀ ղեկավարները ավելորդ գլխացավանք չունենալու համար համաձայնել են այդ կարգավիճակին և Քյարնքին թողել Ադրբեջանի կազմի մեջ»։



Նա նաև ընդգծեց, որ 1920-ական թվականներին պարբերաբար սահմանների փոփոխություններ են եղել, 1920-ական թթ-ի վերջին 16 փոքր գյուղեր հանձնվել են Ադրբեջանին։

«1929թ-ին Նյուղաբին հանձնվեց Մեղրիին, դրանից հետո 16 գյուղեր, որոնք Կապանից արևելք էին՝ հանձնվեցին Ադրբեջանին։ Հետո Գյոլ լիճը հանձնվեց՝ Նոր Բայազեդի՝ Վարդենիսի տարաշարջանից։ Մինչև 1920 թ-ը 2 երկրների միջև չի եղել քարտեզ, սահմանները գծվել են 1921 թ-ին, այդ փաստաթուղթը ստորագրել է Մյասնիկյանը՝ Հայաստանից, Ադրբեջանի կողմից՝ Նարիմանովը։ Բայց այդ սահմանները 1920-30-ականն թթ-ին անընդհատ փոփոխվել են։ Հենց այդ տարիներին էր, որ Լեռնային Ղարաբաղը տրվեց Ադրբեջանին, նաև Գորիսից գյուղեր փոխանցվեցին»։



Նա ընդգծեց, որ այդ անկլավները հայկական կողմին անցան 1988-89 թթ-ին, նույն ժամանակահատվածում էր «Կալցո» օպերացիայի շրջանակներում Ադրբեջանին անցավ Արծվաշենը, որն այն ժամանակ շուրջ 3000 բնակիչ ուներ։

«Ոչ մի պաշտոնական փոխանցում չի եղել, բայց անցած 20-30 տարիների բանակցություններում ես երբեք տեղյակ չեմ եղել, որ այդ հարցը բարձրացվեր։ Միգուցե ներքին պայմանավորվածություն է եղել, որ Արծվաշենը անցել է Ադրբեջանին, իսկ Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը Հայաստանինն են այլևս։ Ես չգիտեմ որևէ փաստ, որ անկլավների մասին ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ թեմա առհասարակ եղել է»։



Հարցին, թե ինչու են ընտրվել 1975 թ-ի քարտեզները՝ նա պատասխանեց, որ այդ քարտեզները ժամանակին առաջինը հենց ինքն է բերել ՌԴ-ից։

«Դրանք ամենամանրամասն՝ մասշտաբով 1-ը 100 000-ի քարտեզներ են, այսինքն քատեզի վրա 1 սանտիմետրում ընդգրկված է 1 կմ տարածք։ Կարծում եմ, սա է պատճառը, որ ընտրվել է այդ քարտեզը։ Մինչ այդ չի եղել ավելի մանրամասն քարտեզ»։



Դիտարկմանը, թե եթե այդ քարտեզով սահմանագծում իրականացվի՝ կարելի է երաշխավորված ասել, որ Հայաստանը կունենա 29 800 քառակուսի կիլոմետրը, նա պատասխանեց, որ կասկածում է, որ Ադրբեջանն իր գրաված բարձունքներից կհեռանա։

«Բայց դրա համար պետք է նաև Արծվաշենը վերադարձվի, իսկ ես կասկածում եմ նաև, որ այնտեղ հայ երբևէ բնակվի, կասկածում եմ նաև, որ ադրբեջանցիները կգան բնակվելու այստեղ, բայց զորքեր կբերեն կտեղադրեն ու սահմանկետեր կդնեն»։

Ամենից շատ դիտված